Բակո Սահակյանի ընտրությունը

Արցախի նոր կառավարության կազմը մասամբ թարմացվել է, նոր նախարարների մեջ մարդիկ են, որոնց մուտքը կառավարություն կարող է նոր որակ հաղորդել կյանքի տարբեր ոլորտների: Խոսքը փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի, ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Մնացականյանի մասին է: Նրանք երեքն էլ որակական այլ հատկանիշներ ունեցող, առաջադեմ և նոր մտածելակերպի տեր անձինք են:

Արթուր Աղաբեկյանը, որը պատերազմի ժամանակ եղել է Հադրութի պաշտպանական շրջանի հրամանատարը, այնուհետև կարճ ժամանակով ներքին գործերի նախարարի պաշտոնն է զբաղեցրել ԼՂՀ-ում, հայաստանյան հասարակությանը առավել հայտնի է որպես ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար: Այս պաշտոնում էլ, կարծում եմ, տեղի է ունեցել Աղաբեկյան քաղաքական գործչի հիմնական աճը: Ռազմական կրթությունը և բանակի միջազգային համագործակցությունը համակարգող Աղաբեկյանը, վստահաբար, օգտակար փորձ և սոցիալական լուրջ կապիտալ է ձեռք բերել այս պաշտոնում: ԼՂՀ ներկայիս փոխվարչապետին կարող է ստվերել այն, որ նա այս պաշտոնը ստանում է Հրանտ Մարգարյան – Բակո Սահակյան գործարքի արդյունքում:

Արցախի նախագահական Վերջին ընտրություններում Բյուրոյի ճնշման ներքո ՀՅԴ Արցախի կառույցի որոշման փոփոխությունը ծանր է անդրադարձել կուսակցության վրա, սկսվել է պառակտում ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունում և կուսակցության կենտրոնական կոմիտեում: Այս քայլով, փաստորեն, ՀՅԴ Արցախի կառույցը դադարեց որևէ գործոն լինելուց և ամբողջովին դարձավ Հրանտ Մարգարյանի ցանկությունների կատարողը: Արթուր Աղաբեկյանը, որը փաստորեն ամենաազդեցիկ դաշնակցականն է Արցախում, խնդիր ունի նաև վերականգնելու կուսակցության իմիջը և սասանված շարքերը:

Կարեն Միրզոյանը, որը ժամանակին եղել է ԼՂՀ ներկայացուցիչը Երևանում, պրոֆեսիոնալ դիվանագետ է և կարող է ԱԳՆ-ն դարձնել գործուն մարմին: Ցավոք, վերջին հինգ տարիներին այս կառույցը բավական պասիվ է եղել` զլանալով նույնիսկ հետևել «Դիվանագիտական ծառայության մասին» ԼՂՀ օրենքին: Սակայն նախարար Միրզոյանի առջև նաև լուրջ ներքին մարտահրավերներ կան` ԱԳՆ ակտիվությունը չցանկացող պաշտոնական Երևանը և նրա կցորդ ԼՂՀ նախագահականը: Նոր նախարարի հաջողությունը մեծապես կախված կլինի նրանից, թե նա ինչքանով կկարողանա Երևանին համոզել փոխել Արցախի հարցում քարացած մոտեցումները:

Լևոն Մնացականյանը նոր սերնդի մենեջերներից է, որն Արցախում կարճաժամկետ աշխատանքի փորձ ունի:

Ընդհանուր առմամբ, այս երեքին լուրջ խոչընդոտներ են սպասվում: Դա նախ և առաջ Արցախի իշխանական շրջանակներում առկա ինտրիգային մթնոլորտն է, փողոցային խոսակցությունների վրա որոշումներ կայացնելու պրակտիկան, ինչն արդեն հասնում է պարանոյայի: Միևնույն ժամանակ, լուրջ երկընտրանքի առջև է լինելու Բակո Սահակյանը. ականջալուր լինել նախագահականի կամ դրա շրջակայքի բանսարկուներին, շարունակել սկսածն ու երկիրը տանել դեպի աղքատություն և սոցիալական անհամերաշխությո՞ւն, թե՞ աշխատել նոր մտածելակերպ ունեցող նախարարների հետ` երկիրը ճգնաժամից հանելու և ժողովրդի կորսված վստահությունը վերականգնելու համար: Սա լուրջ ընտրություն է Բակո Սահակյանի համար, ինչը մեծապես կարող է անդրադառնալ նրա ճակատագրի վրա: Նախկին նախագահ դառնալու համար ամենաշատը հինգ տարի է մնացել և ժամանակն է որոշակի երաշխիքներ փնտրելու:

Մեկնաբանել