Տիգրան Սարգսյանը մասնակցել է «Հայաստանի գիտությունը և կրթությունը» համաժողովի բացմանը

Վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ԳԿՀԱՀ) «Հայաստանի գիտությունը և կրթությունը» խորագրով համաժողովի բացմանը: 

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ հիմնադրամը ստեղծման պահից մինչ օրս գործուն աջակցություն է ցույց տալիս հայրենական գիտության և կրթության համակարգին, մայր հայրենիքի գիտության զարգացմանն ուղղված կարևոր նախաձեռնություններին, գիտության ոլորտում առաջին լուրջ քայլերն անող երիտասարդներին, ինչպես նաև վաստակաշատ ու փորձառու գիտնականներին` նպատակ ունենալով աջակցել հայաստանյան գիտության և կրթության ոլորտի զարգացմանը, բարձրացնել հայաստանյան գիտական միտքն ու կրթությունը որակական նոր մակարդակի, կասեցնել Հայաստանից մտավոր ներուժի արտահոսքը:

«Անցած 12 տարիների ընթացքում Գիտության և կրթության ազգային հիմնադրամի կողմից հայտարարված գիտական ծրագրերի մրցույթներում ձեռքբերված վստահության շնորհիվ տարեցտարի ավելանում է մրցույթների մասնակիցների թիվն ու կառույցի վարկանիշը: Հիմնադրամն իր գործունեության այս տարիների ընթացքում կարողացել է արձանագրել բազմաթիվ հաջողություններ, ներկայացված աշխատանքները գովեստի և գնահատանքի են արժանացել միջազգային ճանաչում ունեցող առաջատար գիտնականների կողմից», ասել է Տիգրան Սարգսյանը: 

Վարչապետի խոսքով` համաժողովը նոր լիցք կհաղորդի հիմնադրամի աշխատանքներին, կնպաստի Հայաստանի գիտության և կրթության համակարգի հետ համագործակցության առավել ամրապնդմանը, իսկ երկուստեք իրականացվող համատեղ աշխատանքները գալիք տարիներին կարձանագրեն նորանոր հաջողություններ:

Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ Հայաստանի և Սփյուռքի համատեղ ջանքերի շնորհիվ մեր գիտությունն ու կրթությունն աշխարհին կներկայանա ժամանակակից համաշխարհային պահանջներին համապատասխան, միաժամանակ նորանոր նվաճումներով ու ձեռքբերումներով կհաստատի մեր գիտական ներուժի մրցունակությունը:

2012թ. ԳԿՀԱՀ հետազոտական խորհրդին ներկայացված 198 գիտական առաջարկներից գերազանց գնահատականներ է ստացել 51 աշխատանք, հաղթող են ճանաչվել 25-ը: Գիտական խմբերի ղեկավարներից 12-ը մինչև 35 տարեկան երիտասարդներ են: Ընդհանուր առմամբ, 12 տարիների ընթացքում այս ծրագրի մրցանակին են արժանացել 281 գիտական խմբեր, որոնցում ընդգրկված են եղել 1000-ից ավելի գիտնականներ: Ծրագրի դրամաշանորհային գումարը կազմում $1, 405 մլն: