Րաֆֆի Հովհաննիսյանը` Սերժ Սարգսյանին

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը սեպտեմբերի 24-ին նամակ է ուղարկել նախագահ Սերժ Սարգսյանին` անցած ու ապագա ընտրությունների, երկրի իրական վիճակի, մարտահրավերների ու դրանց լուծման վերաբերյալ հարցադրումներով:

Նամակում մասնավորապես ասված է. «Հարգելի պարոն Սարգսյան, իմ Ժ-202/11 թվակիր նամակին` բացի բանավոր պիտակավորումներից, իրական պատասխանի պատիվ չստանալով, Ձեզ եմ վերաուղարկում նույն գրության օրախնդիր պահանջները, որոնց բավարարումն անհրաժեշտ է առաջիկա նախագահական ընտրությունները 1991-ից այս կողմ առաջին անգամ օրինական դարձնելու համար:

Այս ուղղությամբ, իհարկե, օգտակար կլինեն ոչ միայն Ձեր ձևավորած կառավարությանն ուղղված հեռուստատեսային ողջունելի, բայց խիստ ընտրովի և ուշացած կշտամբանքները, այլև խորհրդարանական վերջին ընտրություններում Ձեր անունից արված ու Ձեր ղեկավարած կուսակցության և/կամ իշխող մյուս կուսակցությունների կատարած` վարչական ռեսուրսի ու սպառնալիքի, համատարած ընտրակաշառքի, ընտրացուցակների ու բազմակի քվեարկությանը վերաբերող, ինչպես նաև բացարձակապես հակասահմանադրական մնացյալ զանցանքների մասին Ձեր համալիր, անկեղծ ու ինքնաքննադատական գնահատականը:

Ուրեմն այսպես. ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու Ձեր հռչակած հանձնառությունն ըստ էության կյանքի կոչելու համար անմիջապես անհրաժեշտ ենք համարում, ուստիև առաջարկում ենք հետևյալ հիմնաքայլերը.

1. Ձեր և պետական գործող բոլոր պաշտոնյաների հրաժարումը բարձր ուսումնական հաստատությունների հոգաբարձուների խորհրդի նախագահի ու համապատասխան այլ պաշտոններից:

2. Բուհերի ուսումնական խորհուրդների ապակուսակցականացումն ու ուսանողության առջև բոլոր քաղաքական ուժերի հավասար մատչելիությունը:

3. Ձեր ղեկավարած կուսակցության բոլոր գրասենյակների դուրսբերումը քաղաքապետարանների, գյուղապետարանների, համայնքապետարանների, մշակութային տների և հանրային սեփականություն հանդիսացող այլ շենքերից կամ էլ ցանկացող քաղաքական կուսակցությունների կողմից դրանց` միևնույն պայմաններով օգտագործման ապահովումը:

4. Ձեր կամ որևէ այլ կուսակցության զինանշանի, ցուցանակի, պաստառի կամ անվան հղման հեռացումը քաղաքապետարանների, գյուղապետարանների, համայնքապետարանների, մշակութային տների, համալսարանների, դպրոցների և հանրային սեփականություն հանդիսացող այլ շենքերից ու տարածքներից:

5. Հանրակրթական համակարգի ապակուսակցականացումը` տնօրեններից մինչև դահլիճներ, բացառելով քաղաքական ցանկացած միջոցառում դպրոցի տարածքում` բացի աշակերտների քաղաքացիական լուսավորմանը միտված բազմակուսակցական, հաղորդակցման հավասար հնարավորություններ ապահովող ձեռնարկներից: Նույնը` առողջապահության և հանրային բոլոր մնացյալ ոլորտներում:

6. Ձեր իսկ կուսակցական գործունեության բացառումը նախագահական նստավայրում:

7. Պետական բյուջեի հատկացումների բացառումը կուսակցական ուղղակի կամ անուղղակի օգտագործման համար` դրանք լինեն ուղիղ հատկացումներ ինքնաթիռների, հյուրանոցների, օրապահիկների, ընդունելությունների կամ ներկայացուցչական այլ ծախսերի համար, թե միջնորդավորված հատկացումներ տարատեսակ հիմնադրամների, կենտրոնների կամ այլ ձեռնարկների միջոցով:

8. Իրավապահ մարմինների, անվտանգության ծառայությունների, մարզպետների և Ձեր կուսակցության ներկայացուցիչների առանձին, տեղ-տեղ նույնիսկ նկատելիորեն համակարգված գործունեության բացառումը, որն ուղղված է Հանրապետության քաղաքացիների սահմանադրական իրավունքների սահմանափակմանը, վախի ու ստրկամտության հակաքաղաքացիական մթնոլորտի պարտադրմանը:

9. Քաղաքապետ(արան)ների, գյուղապետ(արան)ների, համայնքապետ(արան)ների, ցանկացած հանրային ծառայողի վրա որևէ տեղից ուղղակի կամ անուղղակի ձևով նախընտրական ճնշման, սպառնալիքի, անգամ դրանց ակնարկի բացառումը:

10. Մրցակցության, այդ թվում և ֆինանսական իրավահավասար պայմանների ապահովումը` բացառելով «վարչական ռեսուրսների» հատվածական չարաշահումը:

11. Ցանկացող բոլոր կուսակցությունների համար հեռուստատեսությունների, ձայնասփյուռի և այլ լրատվամիջոցների հավասար մատչելիությունը` այդ թվում գովազդային ցուցանակների և պաստառների առումով:

12. Ձեր կամ որևէ այլ կուսակցության շահադիտական կամ քարոզչական «բարեգործության» բացառումը՝ անկախ դրա ձևից, բովանդակությունից ու անվանումից:

13. Ազգի հպարտություն հանդիսացող մեր զինվորների նենգագործման բացառումը նախընտրական և ընտրական գործընթացներում:

14. Եկեղեցու քաղաքական օգտագործման կամ կուսակցականացման անգամ տպավորության բացառումը:

15. Ամբողջապես համամասնական ընտրակարգի ընդունումը, փաստացի քվեարկող քաղաքացիների մատների թանաքոտման պահանջի կատարումը, փաստացի քվեարկած քաղաքացիների ցուցակների հետընտրական հրապարակումը, օրինախախտ բոլոր հանցագործների` անկախ պաշտոնական կամ կուսակցական դիրքից, բացահայտումն ու խստագույն պատժումը:

Շնորհակալություն ենք հայտնում այս խնդիրներին Ձեր ուշադրության համար:

Ձեր պատասխանի ակնկալիքով` Րաֆֆի Կ. Հովհաննիսյան»: