Մանկապարտեզներում կարագի փոխարեն սփրեդ է տրվել. ՏՄՊՊՀ

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, ուսումնասիրելով հանրապետության 575 մանկապարտեզներում սննդամթերքի գնումների գործընթացները, բացահայտել է մրցութային կանոնների խախտման, մատակարար ընկերությունների անբարխիղճ վարքագծի (խաբեության) տասնյակ դեպքեր: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր՝ սեպտեմբերի 24-ին, որոշում ընդունեց 27 ընկերության նկատմամբ պատասխանատվության կիրառման մասին: Տնտեսավարողները տուգանվեցին անբարեխիղճ մրցակցության համար օրենսդրությամբ նախատեսված առավելագույն պատժաչափով` տվյալ տնտեսավարողի տարեկան հասույթի 1%-ի չափով, իսկ ուսումնասիրությունների փաթեթը ուղարկվելու է Գլխավոր դատախազություն։

ՏՄՊՊՀ-ի կողմից բացահայտվել են մի շարք դեպքեր, երբ տնտեսավարողները մանկապարտեզների հետ կնքել են կարագի մատակարարման պայմանագիր, սակայն կարագի փոխարեն երեխաների սննդի համար տրամադրել են բուսասերուցքային խառնուրդ՝ սփրեդ կամ մարգարին, որոնք թե´ որակական, թե´ գնային առումով մի քանի անգամ զիջում են կարագին: Մարզերում բացահայտվել են նաև այնպիսի դեպքեր, երբ մանկապարտեզների տնօրենները գնել են հենց սփրեդ, քանի որ հաշիվ-ապրանքագրերում հստակ նշված է այդ մասին:

Որոշ մանկապարտեզների փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ պետության կողմից երեխաների համար տրամադրված սննդի գումարով գնվել են այնպիսի ապրանքներ, որոնց օգտագործումը մանկական սննդում պարզապես անհնար է պատկերացնել: Օրինակ` բաստուրմա, սուրճ, սուջուխ, կծու պղպղեղ:

Ըստ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի` բացահայտված խախտումները հիմնականում պայմանավորված են օրենսդրական բացերով։ «Մանկապարտեզներում երեխաների համար նախատեսված սննդի կազմակերպման կարգ թերի է, ինչից և օգտվել են տնտեսավարողները»,- ասաց Շաբոյանը՝ հավելելով, թե այդ կարգում բացակայում է, թե որոնք են երեխաների համար թույլատրելի և արգելված սննդամթերքները: