Երևան-Բաթումի-Երևան գնացքների ուղևորների թիվը 25,3%-ով գերազանցել է 2011թ. ցուցանիշը

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Բաթումի-Երևան գնացքներով հունիսի 15-ից մինչև սեպտեմբերի 19-ը տեղափոխվել է 49 864 ուղևոր, ինչը 25,3%-ով գերազանցում է 2011թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը, երբ տեղափոխվել է 39 788 ուղևոր, ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում:

Ընդհանուր առմամբ, հունիսի 1-ից մինչև սեպտեմբերի 19-ը վաճառվել է «Արմենիա» ֆիրմային գնացքի 50 109 տոմս, ինչը 24,3%-ով գերազանցում է անցյալ տարվա քանակը, երբ վաճառվել էր 40 310  տոմս: Միաժամանակ` միայն սեպտեմբերի 1-ից մինչև 19-ը տեղափոխվել է 6 271 ուղևոր (աճ 53,4%-ով):

Ինչպես հաղորդում են ընկերության մամուլի ծառայությունից, ուղևորափոխադրումների աճը պայմանավորված է ՀԿԵ-ում հետևողական տարվող ճկուն սակագնային քաղաքականությամբ, ուղևորների սպասարկման որակի աճով: Նաև թարմացվում է երկաթուղու շարժակազմը, բարելավվում է հարմարավետության մակարդակը, աճում է գնացքների արագությունը: