Բրիտանիան ու Կանադան միավորում են դիվանագիտական առաքելությունները

Մեծ Բրիտանիան ու Կանադան մտադիր են ստեղծել համատեղ դիվանագիտական առաքելություններ արտասահմանում, հաղորդում է BBC-ն։

Ակնկալվում է՝ համապատասխան համաձայնագիրն այսօր Օտտավայում կստորագրեն Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգն ու նրա կանադացի պաշտոնակից Ջոն Բերդոմը։

Միավորված դիվանագիտական առաքելությունների ստեղծման մասին համաձայնագրին ապագայում կարող են միանալ նաև Ավստրալիան ու Նոր Զելանդիան։

Մեծ Բրիտանիայի և Կանադայի համատեղ դիվանագիտական առաքելությունները կբացվեն այնտեղ, որտեղ մինչ այժմ ինչ-ինչ պատճառներով չկա այս երկրներից որևէ մեկի դեսպանատուն կամ ներկայացուցչություն։

«Ինչպես ասել էր Դեյվիդ Քեմերոնն անցյալ տարի, դիմելով Կանադայի խորհրդարանին՝ մենք երկու ազգ ենք, սակայն ունենք մեկ թագուհի, և մեր արժեքներն էլ են միասնական։

Մենք կռվել ենք՝ ուս ուսի տված, անցյալ դարի մեծ պատերազմներում, մենք պայքարում ենք ահաբեկիչների դեմ Աֆղանստանում և օգնում ենք Արաբական գարնան երկրներին, ինչպիսին են Լիբիան և Սիրիան։

Մենք ազգակից եղբայրներ ենք։ Այդ իսկ պատճառով բնական է, որ մենք ցանկանում ենք միավորել մեր դեսպանատները Կանադայի հետ այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է երկու երկներին էլ»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը։

Հեյգի խոսքով՝ Կանադայի հետ համատեղ դիվանագիտական առաքելությունների ստեղծումը Մեծ Բրիտանիային թույլ կտա «ապահովել ավելի լայն միջազգային ներկայություն ավելի քիչ գումարի հաշվին»։

BBC-ի դիվանագիտական թղթակից Ջոնաթան Մարկուսը կարծում է, որ խնայողության նկատառումներն այս հարցում միակը չեն։

Նրա խոսքով՝ Կանադայի հետ դիվանագիտական դաշինքը լավ կընդունվի բրիտանացի եվրաթերահավատների շրջանում, քանի որ հակակշիռ է ծառայում ԵՄ ընդհանուր դիվանագիտական առաքելությունների էքսպանսիային։

Մեկնաբանել