Ջոն Լենոնին պատկանող կղզին աճուրդի է դրվել 300 հազ. եվրոյով

The Beatles լեգենդար խմբի երկրպագուներին արտասովոր գնում անելու հնարավորություն է ընձեռվել. 300 հազ. եվրոյով աճուրդի է դրվել Իռլանդիայի արևմտյան ափին գտնվող անմարդաբնակ կղզին, որը ժամանակին եղել է «ակնոցավոր Բիթլի» ապաստանը:

Ավելի քան 7,5 հեկտար տարածքով Դորինիշ կոչվող կղզին կարող է հպարտանալ սոսկ իր հետաքրքիր պատմությամբ, քաղցրահամ ջրի աղբյուրով և հին տան ավերակներով: Կղզու երկու կանաչ բլուրները, որոնցից 15 րոպեում նավակով կարելի է ափ հասնել, Լենոնի համար հանգստի և առանձնանալու կատարյալ վայր են եղել:

1967թ. Լենոնը 1,7 հազ. ֆունտ ստեռլինգով (ներկայում՝ 17,3 հազ. ֆունտ կամ 21,6 հազ. եվրո) գնել է Դորինիշը՝ Քլյու ծոցի հարյուրավոր կղզյակներից մեկը: Նա մի քանի անգամ այցելել է Դորինիշ իր առաջին և երկրորդ կանանց՝ Սինթիայի և Յոկո Օնոյի հետ, և մտադիր էր այնտեղ տուն կառուցել: Ստեղծագործական զանազան պլանները թույլ չեն տվել իրականացնել այս միտքը, և 1970թ. Լենոնը կղզին անվարձահատույց վարձակալության է տվել Սիդի Ռոուլին, որին բրիտանական թերթերը «Հիփիի արքա» էին անվանում:

Իր վերջին հարցազրույցներում Լենոնը մի քանի անգամ ասել է, որ մի օր կցանկանար բնակություն հաստատել Դորինիշում և այնտեղ իր հարազատների հետ անցկացնել ծերությունը:

Աշխարհահռչակ երաժշտի սպանությունից հետո Յոկո Օնոն կղզին զիջել է տեղացի երկու ֆերմերի, որոնք որոշել են «հիփիի կղզու» վաճառքից կլորիկ գումար վաստակել: