«Նոր Մանեժում» բացվել է Սերգեյ Փարաջանովի «Տունը»

Մոսկվայի սրտում` «Նոր Մանեժ» ցուցասրահում, բացվել է «Սերգեյ Փարաջանով․ տունը, որում ապրում եմ» խորագրով ցուցահանդեսը:

Չնայած բարդ կենսագրությանը, Փարաջանովին հաջողվել է անել այն, ինչ սպասում են ցանկացած արվեստագետից` ստեղծել սեփական անկրկնելի աշխարհը: Փարաջանովի երևանյան տուն-թանգարանից Մոսկվա է տեղափոխվել կուլտային ռեժիսորի և նկարչի մոտ 70 աշխատանք, ինչն այնքան էլ շատ չէ դասական հետահայաց ցուցադրության կանոններով, սակայն Փարաջանովի համար կանոններ գոյություն չունեն՝ նա ունակ էր որակի վերածել քանակային մինիմումը, և արվեստի` կենցաղային աղբը:

Ցուցահանդեսը, որը կազմակերպել են Սերգեյ Փարաջանովի երևանյան տուն-թանգարանն ու հայտնի արտ-մենեջեր Մարինա Լոշակը, բացվել է սեպտեմբերի 20-ին`Հայաստանի Հանրապետության անկախության տոնի նախօրեին: Ինչպես պատմեց թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը՝ բացմանը բազմաթիվ անվանի հյուրեր էին ներկա` Փարաջանովի գործընկերները, արվեստագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: «Արձագանքը շատ մեծ էր: Մեզ մոտենում էին ու շնորհակալություն հայտնում, ասում էին, որ, չնայած Մոսկվայում մշակութային կյանքի աշխուժությանը, հաճախ չի հնարավորություն լինում իսկապես արժեքավոր բան տեսնել»,-ասաց Զավեն Սարգսյանը:

Սա վերջին 20 տարվա ընթացքում հայ արվեստագետի աշխատանքների Մոսկվայում կազմակերպված երրորդ ցուցադրությունն է: Առաջին անգամ Փարաջանովի ստեղծագործություններն այստեղ հնարավորություն են ունեցել տեսնելու 1993թ․, իսկ երկրորդ անգամ` 2003-ին: «Սերգեյ Փարաջանով․ տունը, որում ապրում եմ» ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 11-ը:

Մեկնաբանել