Նոր սեյսմիկ կայաններ ՀՀ տարածքում

Սեպտեմբերի 24-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը, հաղորդում է ԱԻՆ պաշտոնական կայքը:

Ընդհանուր առմամբ դրական գնահատելով անցած շաբաթվա ԱԻՆ  աշխատանքը` նախարարը նշել է, որ անելիքներ դեռ շատ կան։ Մասնավորապես` անհրաժեշտ է ձեռք բերել ուղղաթիռով գետից ջուր վերցնելու 5-տոննաանոց սարքավորում, արագ վերանորոգել ու տեխնիկապես հագեցնել Գառնիի դիտարանը, ԱԻՆ տարածքում կառուցել միջազգային չափանիշներին համապատասխանող դայվինգի կենտրոն` ջրասուզակների մարզումների համար։

Նախարարության նորակառույց բազմահարկ մասնաշենքի բացումը տեղի կունենա այս տարվա նոյեմբերի կեսին, հաշվարկներ են արվել մյուս մասնաշենքերի ամրացման և վերակառուցման վերաբերյալ։ ԱԻՆ-ը շուտով կստանա «ԶԻԼ 131» և «ԳԱԶ 66» մակնիշների 10 ամենագնաց արտաճանապարհային ավտոմեքենա և շարժական 4 էլեկտրակայան։ 

Խորհրդակցությանը ՍՊԱԾ գործակալության պետ Հ. Պետրոսյանը հայտնել է, որ օրերս Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հավանություն է տվել իրենց կողմից ներկայացված ծրագրին, ըստ որի անգլիական արտադրության նորագույն 6 թվային սեյսմիկ կայաններ կտեղադրվեն մայրաքաղաքի և ՀԱԷԿ-ի միջև ընկած տարածքում։ Շուտով մեր ֆրանսիացի գործընկերների աջակցությամբ նոր սեյսմիկ կայաններ կավելանան ՀՀ հարավային հատվածում։ Նախարարն ընդգծել է, որ սեյսմիկ պաշտպանությունը նախարարության գերակա ուղղություններից է, և հանձնարարել է մշտապես ուշադրության կենտրոնում պահել բնակչության իրազեկման խնդիրները` կանխելու անհարկի խուճապը։

Առաջիկայում տեսախցիկներ կտեղադրվեն նախարարության առանձնացված ստորաբաժանումներում և դժվարմատչելի մարզային կայաններում` օպերատիվ կերպով տեղեկատվություն ստանալու և աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար։ Մի քանի օրվա ընթացքում ինտերնետ կապով ապահոված կլինեն հանրապետության բոլոր հրշեջ մասերը։

Օրերս ԱԻՆ համաբուժարանը ձեռք է բերել սարքավորումներ` աչքի կաբինետի և լաբորատորիայի համար։ Գնահատելով արված աշխատանքը` նախարարը Փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության պետ, փոխգնդապետ Կարեն Աթոյանին շնորհել է գնդապետի կոչում: