Երևանում կիրականացվի անավարտ շենք-շինությունների ամբողջական գույքագրում

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է մայրաքաղաքի ամբողջ տարածքում իրականացնել անավարտ շենք-շինությունների գույքագրում և ներկայացնել այդ տարածքների Երևան քաղաքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով նախատեսված նպատակային նշանակությամբ կառուցապատումը սկսելու և ավարտելու վերաբերյալ տեղեկատվություն, հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

Քաղաքապետը հանձնարարել է նաև պարտավորություններից խուսափելու դեպքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կիրառել պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցներ` ընդհուպ հողամասերի, շենքերի կամ շինությունների նկատմամբ առկա իրավունքների դադարեցում:

«Արդեն երկար ժամանակ է, ինչ այդ տարածքները գտնվում են բարձիթողի վիճակում և ավելորդ անհարմարություններ են ստեղծում: Մենք պետք է ձեռնարկենք համապատասխան միջոցները մեր քաղաքացիների հարմարավետ տեղաշարժի, ինչպես նաև մայրաքաղաքի ճարտարապետական ընդհանուր տեսքի ապահովման նպատակով»,-  նշել է Տարոն Մարգարյանը:

Մայրաքաղաքի 2013թ. բյուջետային գործընթացին անդրադառնալով` քաղաքապետը հանձնարարել է առաջարկություններ ներկայացնել տեղական եկամուտների ավելացման հնարավորությունների, ծախսերի արդյունավետ ծրագրավորման մեխանիզմների, ինչպես նաև բյուջետային ծախսերի պլանավորման գործընթացում բնակիչների հնարավորին մասնակցության ապահովման վերաբերյալ: Մասնավորապես, հանձնարարվել է առաջարկություններ ներկայացնել նաև «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» կիրարկվող նոր օրենքով ավտոկայանատեղիների համար տեղական տուրքի դրույքաչափերի վերաբերյալ: