Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արա Գյուրջյանը նշանակվել է «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետի պաշտոնի համար մրցույթի անցկացման արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին նշված պաշտոնում նշանակելը։ Այս մասին հաղորդում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հիշեցնենք, որ օրեր առաջ` սեպտեմբերի 20-ին, վարչապետը, ղեկավարվելով ՀՀ «Աշխատանքային օրենսգրքով, հիմք ընդունելով կառավարության 2002թ. որոշումը ու հաշվի առնելով նախագահի վերահսկողական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում կազմված տեղեկանքը և ֆինանսների նախարարի գրությունը, որոշում էր կայացրել Հակոբ Բեգլարյանն ազատել «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետի պաշտոնից։
Նույն օրը` կառավարության նիստին, ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, զեկուցելով գնումների բնագավառում բացահայտված թերությունների վերաբերյալ, նշել էր, որ խնդիրների ու բացթողումների մեծ մասը պայմանավորված է ոչ թե նորմատիվային դաշտով կամ կանոնակարգերով, որտեղ ևս խնդիրներ կան, այլ վարչարարության շուրջ ձևավորված նորմերով։ «Անձանց տեսակետից առաջարկում եմ փոխել Գնումների աջակցման կենտրոնի ղեկավարությանը, որոնք կապ ունեն այդ գործունեության և թերացումների հետ»,-ասել էր նախարարը։
Նշենք, որ Արա Գյուրջյանը զբաղեցրել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը: 2012թ. սեպտեմբերի 6-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից` սեփական դիմումի համաձայն: