«Գնումների աջակցման կենտրոն»-ը ժամանակավոր պետ ունի

Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արա Գյուրջյանը նշանակվել  է «Գնումների աջակցման կենտրոն» պետա­կան ոչ առևտրային կազմակերպության պետի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև սահման­ված կարգով «Գնումների աջակցման կենտրոն» պետա­կան ոչ առևտրային կազմա­կերպության պետի պաշտոնի համար մրցույթի անցկացման արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին նշված պաշ­տոնում նշանակելը։ Այս մասին հաղորդում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հիշեցնենք, որ օրեր առաջ` սեպտեմբերի 20-ին, վարչապետը, ղեկավարվելով ՀՀ «Աշխատանքային օրենսգրքով, հիմք ընդունելով կառավարության 2002թ. որոշումը ու հաշվի առնելով նախագահի վերահսկողական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում կազմված տեղեկանքը և ֆինանսների նախարարի գրությունը, որոշում էր կայացրել Հակոբ Բեգլարյանն ազատել «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետի պաշտոնից։

Նույն օրը` կառավարության նիստին, ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, զեկուցելով գնումների բնագավառում բացահայտված թերությունների վերաբերյալ, նշել էր, որ խնդիրների ու բացթողումների մեծ մասը պայմանավորված է ոչ թե նորմատիվային դաշտով կամ կանոնակարգերով, որտեղ ևս խնդիրներ կան, այլ վարչարարության շուրջ ձևավորված նորմերով։ «Անձանց տեսակետից առաջարկում եմ փոխել Գնումների աջակցման կենտրոնի ղեկավարությանը, որոնք կապ ունեն այդ գործունեության և թերացումների հետ»,-ասել էր նախարարը։

Նշենք, որ Արա Գյուրջյանը զբաղեցրել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը: 2012թ. սեպտեմբերի 6-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից` սեփական դիմումի համաձայն: