Հանրահայտ Sothbey’s բրիտանական աճուրդի տունը չինական Gehua Art պետական ընկերության հետ համատեղ ձեռնարկություն ստեղծելու վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել: Sotheby’s Beijing Auction Co. կոչվող ձեռնարկության մարտավարությունն ու գործելաոճը, անշուշտ, կլինեն «սոթբիսական»: Ձեռնարկության երկրորդ մասնակիցն անհրաժեշտ է այս գործունեությանը օրինականություն հաղորդելու նպատակով. օտարերկրյա աճուրդի տունը չի կարող ինքնուրույն գործունեություն ծավալել Չինաստանում:
Չինաստանի տարածքում գործող աճուրդի տները՝ Poly International Auction-ը, China Gardian-ը և Beijing Hanhai Art Auction-ը, ստեղծվել են պետության մասնակցությամբ և ունեն հսկայական շրջանառություն: Այսպես՝ Poly Auction-ը աշխարհում երրորդ տեղում է Sotheby’s-ից և Christie’s-ից հետո և գարնանը գրասենյակ է բացել Նյու Յորքում:
Sotheby’s Beijing Auction-ի՝ սեպտեմբերի 27-ին կայանալիք առաջին միջոցառումը լինելու է չինական ժամանակակից արվեստի աճուրդը, կներկայացվի Չինաստանում ճանաչված նկարիչ Վան Խուայցինի աշխատանքը (նկարչի կտավների ռեկորդային գինը $3,5 մլն է): Խուայցինի «Ես և իմ շողքը» նկարը կառաջարկվի $128–192 հազարով: Բացի այդ՝ նոր աճուրդի տան տարածքում կբացվի չինական ժամանակակից արվեստի ցուցադրություն, որը կպատմի տարածաշրջանում Sotheby’s-ի գործունեության մասին: