Սիրիական ընդդիմությունը՝ մեծ գլխացավանք իր հովանավորների համար

Սիրիական ընդդիմությունը ավելի ու ավելի մեծ գլխացավ է պատճառում իր ինչպես արևմտյան, այնպես էլ արևելյան հովանավորներին, ինչպես ՆԱՏՕ-ի երկրներին, այնպես էլ Պարսից ծոցի արաբական միապետություններին, գրում է ռուսական «Կոմերսանտ» թերթի վերլուծաբան Մաքսիմ Յուսինը։

Նրանք ունեն անհանգստության երկու հիմնական պատճառ։ Առաջին՝ ընդդիմության՝ միավորվելու քրոնիկ անունակություն․ քաղաքացիական պատերազմի մեկուկես տարվա ընթացքում Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդների ճամբարում այդպես էլ չհայտնվեց խարիզմատիկ ֆիգուր, որը կկարողանար դառնալ դիմակայության խորհրդանիշ, հետագայում էլ՝ երկրի նոր առաջնորդ։ Երկրորդ՝ սիրիացի «հեղափոխականների» արմատականացում, իսլամիստական խմբավորումների ուժեղացում, այդ թվում՝ նրանց, ովքեր ոչ միայն չեն թաքցնում իրենց կապը «Ալ Կաիդայի» հետ, այլև ի ցույց են դնում դրանք։

Պարադոքսալ իրադրություն է ստեղծվում։ Արևմտյան ժողովրդավարությունները, աջակցելով Բաշար ալ Ասադի հակառակորդներին, փաստացի խաղում են՝ հօգուտ իրենց ոխերիմ թշնամիների՝ սուննի արմատականների։ Նույն Աֆղանստանում ամերիկացիները, բրիտանացիները, ֆրանսիացիները նրանց դեմ պատերազմում են, իսկ Սիրիայում փաստացի հայտնվել են նրանց հետ մեկ կոալիցիայում։

Մինչև որոշ ժամանակ այս մասին չէին խոսում և գրեթե չէին գրում, սակայն սկսած որոշ պահից՝ լռելն արդեն դարձավ անհարմար։ Եվ անխոհեմ։ Անգլալեզու ու ֆրանսալեզու մի շարք լրատվամիջոցներ միանգամից թողարկեցին ռեպորտաժներ «ջիհադականների» մասին, որոնք կռվում են Ասադի բանակի դեմ Հալեպում և այլ ճակատներում։

Այդ մարդիկ իսլամական «ահաբեկչական ինտերնացիոնալի» մի մասն են, մեծ հաշվով՝ նրանց համար մեկ է՝ որտեղ և ում դեմ կկռվեն։ Գլխավորը՝ հանուն ինչի․ հանուն իսլամական համաշխարհային խալիֆայության կառուցման։ Բաշար ալ Ասադին նրանք ատում են ոչ թե ավտորիտարության, այլ նրա վարչակարգի աշխարհիկ բնույթի համար։ Եվ նրա համար, որ նա ալաուի է, այլ ոչ թե ուղղափառ սուննի։ Եվ նրա համար, որ ասադական Սիրիան չի ապրում շարիաթի օրենքներով։

Հենց այստեղ էլ պետք է մտածել հարցի գնի մասին։ Կա՞ արդյոք վստահություն, որ Բաշար ալ Ասադի վարչակարգի տապալումից հետո Դամասկոսում կհաջողվի զսպել արմատականներին՝ իշխանության բերելով արևմտամետ կամ գոնե ոչ հակաարևմտյան չափավոր ուժերի։ Թե՞ կլինի, ինչպես Լիբիայում, որտեղ ամբողջական շրջաններ վերահսկում են այնպիսի խմբավորումներ, ինչպիսին է «Անսար աշ Շարիան», որին կասկածում են Բենղազիում ԱՄՆ-ի հյուպատոսության վրա իրականացված հարձակման կազմակերպման մեջ։

Քանի դեռ պատերազմ էր ընթանում Մուամար Կադաֆիի դեմ, այս շարժումը համարվում էր ամերիկացիների դաշնակից։ Հանգուցյալ դեսպան Քրիստոֆեր Սթիվենսը (այդ ժամանակ դեռ դեսպան չէր) ջանասիրաբար աշխատում էր Բենղազիում՝ կառուցելով հարաբերությունները երկրի ապագա «տերերի» հետ։ Բայց ապարդյուն։ Այդ մարդկանց անհնար է «ընտելացնել»։ Մինչև որոշ ժամանակ նրանք ընդունում են Արևմուտքի օգնությունը։ Իսկ եհտո, երբ այդ օգնությունն այլևս պետք չէ, վերադառնում են իրենց սովորական «աշխատանքին»՝ գերիների առևանգում, դեսպանատների գրոհում։

Սիրիայում դեպքերի զարգացումն ավելի ու ավելի շատ է հիշեցնում լիբիական սցենարը։ Մեկ բացառությամբ՝ Բաշար ալ Ասադը առայժմ դիմանում է։