Րաֆֆիի նամակը, Սերժի իմունիտետը

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` անցած ու ապագա ընտրությունների, երկրի իրական վիճակի, մարտահրավերների ու դրանց լուծման վերաբերյալ հարցադրումներով: Սկզբունքորեն «Ժառանգության» առաջնորդի շեշտադրումները նախագահական ընտրություններից առաջ կարող են Հայաստանում իրավիճակ փոխել և ընտրություններից առաջ ստեղծել մրցակցային մթնոլորտ և նպաստել արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացմանը:

Գաղտնիք չէ, որ իշխող կուսակցությունը ամբողջովին մենաշնորհել և սեփականաշնորհել է պատական ապարատը՝ իր բոլոր ենթակառուցվածքներով: Ընտրությունների ընթացքում կրթական համակարգից մինչև իրավապահ համակարգ լծվում են օրվա իշխանությունների վերարտադրման գործին: Հետևաբար, Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկը Սերժ Սարգսյանին բուհերի ուսանողական խորհուրդների ապակուսակցականացումը կամ ընտրական շրջանում զինվորների «նենգագործումը» բացառելու առումով միանշանակ կարող է իրավիճակ փոխել:

Սակայն, մյուս կողմից, որքանո՞վ «Ժառանգության» առաջնորդի առաջարկները կընկալվեն և առավել ևս կընդունվեն Սերժ Սարգսյանի կողմից: Ակնհայտ է, որ եթե Սերժ Սարգսյանը սկսի ընթացք տալ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջ քաշած խնդիրների լուծմանը, ապա դա կարող է լինել Սերժ Սարգսյանի իշխանության վերջի սկիզբը: Հետևաբար, գրեթե հարյուրտոկոսանոց համոզվածությամբ կարելի է պնդել, որ Սերժ Սարգսյանը որևէ գործնական քայլ չի անելու, առավել ևս, որ գոյություն ունի ՀՀԿ առաջնորդին ուղղված Րաֆֆի Հովհաննիսյանի առաջին նամակի օրինակը, որը գրեթե նույն բովանդակությունն ուներ:

Հաշվի առնելով հայաստանյան իրականությունն ու իշխանությունների վարքագիծը, Րաֆֆի Հովհաննիսյանը նամակի տեսքով պարզապես բարձրաձայնել է արատավոր երևույթների մասին, որոնց մասին գիտեն բոլորը, սակայն բոլորն էլ համակերպվել են ստեղծված իրավիճակի հետ: Եվ հազիվ թե այս նամակը իրավիճակային փոփոխություն մտցնի ներքաղաքական գործընթացներում, ավելի շուտ այն ընկալվելու է որպես հերթական անարդյունք քննադատություն իշխանությունների հասցեին, որի նկատմամբ գործող իշխանություններն իմունիտետ ունեն: