2011թ. պետբյուջեի կատարողականի քննարկումները ԱԺ-ում

Սեպտեմբերի 24-ին ԱԺ մշտական հանձնաժողովներում սկսվել են 2011թ. ՀՀ պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության քննարկումները, հաղորդում են ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է 2011թ. ՀՀ պետական բյուջեի կատարման արդյունքները` նշելով, որ 2011 թվականը բեկումնային էր, քանի որ էապես նվազել է գնաճի ցուցանիշը, և Հայաստանն ունեցել է տնտեսական աճ, որը 2 անգամ գերազանցել է 2010թ. ցուցանիշը:

Ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է 2011թ. պետական բյուջեի կատարման հիմնական ցուցանիշները: Ըստ այդմ` 2011թ. պետական բյուջեի ծախսերի 82,3%-ը ուղղվել է ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը և 17,7%-ը` ոչ ֆինանսկան ակտիվների հետ գործառնություններին: Ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը ուղղվել է 812,3 մլրդ դրամ` ապահովելով տարեկան ծրագրի 96,9% կատարողական: Ընթացիկ ծախսերի շուրջ 10,4%-ը կամ 85 մլրդ դրամ տրամադրվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրությանը. այս ուղղությամբ ծրագիրը կատարվել է 98,6%-ով:

Ապրանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով պետական բյուջեից հաշվետու տարում տրամադրվել է 171,5 մլրդ դրամ կամ բյուջեի ընթացիկ ծախսերի 2,1%-ը: Գլխավոր գանձապետը նշել է, որ ծրագիրն այս ուղղությամբ կատարվել է 97,8%-ով:

Պետական պարտքի սպասարկման նպատակով բյուջեից հաշվետու տարում օգտագործվել է 35,5 մլրդ դրամ կամ ծրագրավորված միջոցների շուրջ 95%-ը: Տեղեկացվեց, որ շեղումը հիմանականում պայմանավորված է ներքին պետական պարտքի սպասարկման ծախսերի ուղղությամբ արձանագրված տնտեսումներով, որտեղ կատարողականը կազմել է 93.4%:

Հաշվետու տարում արտաքին պարտքի սպասարկմանը ուղղվել է 14,8 մլրդ դրամ կամ նախատեսվածի 97%-ը:

2011թ. պետական բյուջեից տրամադրվել են 19,8 մլրդ դրամի սուբսիդիաներ` 2010-ի համեմատ արձանագրելով 10,7%-ով աճ:

Պետական բյուջեի ընթացիկ ծախսերի 17,9%-ը կամ շուրջ 145 մլրդ դրամ կազմել են այլ ծախսերը` ապահովելով ծրագրի 96,8% կատարողական:

Հաշվետու տարում պետական բյուջեի պակասուրդը կազմել է 106 մլրդ դրամ: Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ 2010թ. համեմատ պակասուրդի մեծությունը նվազել է 39,2%-ով:

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը պատգամավորների քննարկմանը ներկայացրել է ՀՀ Կենտրոնական բանկի եզրակացությունը «ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:

ԿԲ նախագահը մասնավորապես նշել է, որ բյուջետային նախորդ տարում կառավարությունն ընդհանուր առմամբ իրականացրել է հավասարակշռված հարկաբյուջետային քաղաքականություն, որն ուղղված է եղել ինչպես տնտեսական ակտիվության վերականգնմանը, այնպես էլ պետական պարտքի կայունության ապահովմանը:

Հարկաբյուջետային քաղաքականությունն ուղեկցվել է ՀՀ պետական բյուջեի պակասուրդի կրճատմամբ, ինչը զգալիորեն նպաստել է մակրոտնտեսական կայունության բարելավմանը:

Տարեսկզբից ՀՀ Կենտրոնական բանկը խստացրել է դրամավարկային պայմանները` նպատակաուղղված ձևավորված բարձր գնաճային միջավայրի մեղմմանն ու գնաճային սպասումների խարսխմանը:

Իրականացված դրամավարկային քաղաքականության արդյունքում բյուջետային տարին ամփոփվել է գնաճի տարեկան 4,7% ցուցանիշով` գտնվելով տատանումների թույլատրելի միջակայքում:

Արթուր Ջավադյանը նկատել է, որ ՀՀ պետական բյուջեի տարեկան եկամուտների գծով արձանագրվել է 12,9% աճ, ըստ այդմ` հարկերն աճել են 10,1%-ով, իսկ պարտադիր սոցիալական վճարների գծով աճը կազմել է 17,2%:

Տարվա արդյունքում ՀՀ պետական բյուջեի ծախսերը 5,3%-ով զիջել են նախատեսված մակարդակը և կազմել տարեկան ծրագրվածի 94,7%-ը:

ԿԲ ղեկավարը տեղեկացրել է նաև, որ բյուջեի պակասուրդը նախորդ տարվա նկատմամբ նվազել է 68,2 մլրդ դրամով և կազմել 105,7 մլրդ դրամ, որը շուրջ 53,1 մլրդ դրամով պակաս է տարեկան ճշգրտված ծրագրով նախատեսված ցուցանիշից:

Ամփոփելով խոսքը` ԿԲ նախագահը նկատել է, որ 2011թ. կառավարության կողմից հավասարակշռված հարկաբյուջետային քաղաքականության իրականացումը ուղղորդվելով ՀՀ կառավարության միջին ժամկետ ռազմավարության ծրագրով նախատեսված պետական բյուջեի պակասուրդի կրճատման որդեգրված քաղաքականությամբ` իրական նախադրյալներ կստեղծի մակրոտնտեսական կայունության համար և կնպաստի միջին ժամկետում գնաճի նպատակային թիրախի ապահովմանը:

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը պատգամավորների քննարկմանն է ներկայացրել նաև Կենտրոնական բանկի 2011թ. վարչական ծախսերի նախահաշվի և կապիտալ ներդրումների ծրագրի կատարողականը: Մասնավորապես` ապարատի պահպանման ծախսերի համար, որը ներառում է աշխատակիցների աշխատավարձը, պարգևատրումները, ՀՀ կենսաթոշակային հիմնադրամին մուծումները, անձնակազմի ուսուցումը և վերապատրաստումը, գործուղումները, ներկայացուցչական ծախսերը, ծառայողական փոխադրամիջոցների շահագործման ծախսերը, ԿԲ աշխատակիցների սոցիալական ապահովության ծախսերը, օգտագործվել է 4,990,126,1 դրամ` կանխատեսված 5,181,330,9 դրամի փոխարեն:

Կապիտալ ներդրումների գծով կանխատեսվել է ծախսել 24,203,237.7 հազ. դրամ, օգտագործվել է 23,790,918.50 հազ. դրամ:

Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լևոն Յոլյանը պատգամավորների քննարկմանն է ներկայացրել վերահսկիչ պալատի եզրակացությունը «ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության վերաբերյալ: Նա տեղեկացրել է, որ ուսումնասիրելով հաշվետվությունը` ՀՀ Վերահսկիչ պալատը եզրակացրել է, որ ՀՀ կառավարության կողմից ՀՀ Ազգային ժողով ներկայացված «ՀՀ 2011թ. պետական բյուջեի կատարման վերաբերյալ» տարեկան հաշվետվությունում եկամուտներին, ծախսերին և պակասուրդին ամրագրված ցուցանիշներն արտացոլում են պետական բյուջեի փաստացի կատարողականը:

Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալը նաև նշել է, որ ՀՀ բյուջետային միջոցների կառավարման արդյունավետության նպատակով անհրաժեշտ են համարում, որպեսզի «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությանը և համայնքներին ամրագրված բոլոր բյուջետային միջոցները հաշվեգրվեն, շրջանառվեն գանձապետական միասնական հաշվով: Մասնավորապես` ՊՈԱԿ-ներին, ԲԸ-ին, հիմնադրամներին, ինչպես նաև` «Գերմանահայկական հիմնադրամ» ծրագրի կառավարման գրասենյակ» հիմնարկին տրամադրված բոլոր բյուջետային միջոցները շրջանառվեն գանձապետական միասնական հաշվով:

Նույն օրը տեղի է ունեցել նաև Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը:

Համատեղ նիստում քննարկվել է «Հայաստանի Հանրապետության 2011թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը, որը վերաբերում էր արտակարգ իրավիճակների, ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության ոլորտներին:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է վերը նշված ոլորտների կատարողականի հիմնական ցուցանիշները, իսկ առանձին ոլորտների պատասխանատուները` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանություն պետի տեղակալ Արթուր Օսիկյանը և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ֆելիքս Ցոլակյանը առավել հանգամանալից ներկայացրել են բյուջետային հատկացումներն ըստ առանձին ճյուղերի և դրանց կատարման ցուցանիշները:

Արտակարգ իրավիճակների նախարարության ծախսերը կազմել են 6, 271 մլրդ դրամ, ոստիկանությանը` 35,7 մլրդ դրամ, որոնք կատարվել են համապատասխանաբար 99,7%-ով և 96,1%-ով:

Ոստիկանության դասի 23,6 մլրդ դրամ ծախսերը 2010թ. նկատմամբ ավելացել են 4,6%-ով` պայմանավորված հասարակական կարգի պահպանության ապահովման ծախսերի աճով: Ծրագիրը կատարվել է 99,9%-ով:

Հայաստանի փրկարար ծառայության համակարգի պահպանման նպատակով ծախսվել է 4,4 մլրդ դրամ` ապահովելով ծրագրային հատկացումների 99,5%-ը և 2,6%-ով գերազանցելով 2010թ. մակարդակը:

Ազգային անվտանգության բնագավառին տրամադրվել է 12,7 մլրդ դրամ` ապահովելով ծրագրային հատկացումների 99,4%-ը: 2010թ. համեմատ Ազգային անվտանգության ծախսերն աճել են 6,4%-ով կամ 766,1 մլն դրամով:

ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ երկրորդ նիստը, որը պաշտպանության նախարարության և պետական ռեզերվների մասին կատարողականի հաշվետվությանն էր վերաբերում, անցել է դռնփակ:

Մեկնաբանել