Հրայր Թովմասյանը` ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի նախագահ

2013թ. ԱՊՀ անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի հերթական` 8-րդ նիստը կանցկացվի Հայաստանի Հանրապետությունում, իսկ ԱՊՀ արդարադատության նախարարների խորհուրդը կնախագահի ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Այսպիսի որոշում է ընդունվել սեպտեմբերի 19-22-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի ունեցած ԱՊՀ անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 7-րդ նստաշրջանի աշխատանքների ավարտին:

Ինչպես հաղորդում են արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից, նիստի ընթացքում քննարկվել են ոլորտին վերաբերող տարբեր հարցեր, ամփոփվել են համագործակցության շրջանակում կատարված աշխատանքներն ու նախանշվել հետագա ծրագրերը:

Քննարկվել է նաև խորհրդի դերի բարձրացման հարցը, որպեսզի այն ավելի ակտիվ դերակատարություն ունենա ԱՊՀ անդամ երկրներում իրականացվող բարեփոխումների արագացման գործընթացում, ներառյալ մոդելային նախագծերի հաստատման, ինչպես նաև փորձի ավելի ակտիվ փոխանակման միջոցով: Այս նպատակով որոշվել է հետագա նիստերն առավել առարկայական և պարունակական դարձնել:
Նիստի շրջանակում տեղի է ունեցել նաև Հայաստանի և Բելառուսի արդարադատության նախարարների երկկողմ հանդիպումը, որի ընթացքում նախարարները քննարկել են իրենց երկրներում իրականացվող փոփոխություններին առնչվող հարցեր: ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ներկայացրել է իր ղեկավարած գերատեսչությունում իրականացվող բարեփոխումները, մասնավորապես՝ ԴԱՀԿ ծառայության և նոտարական համակարգի կարգավիճակի, իրականացվող բարեփոխումների, առկա ձեռքբերումների հետ կապված հարցեր, ինչպես նաև դատական փորձաքննությունների ոլորտում համագործակցության հնարավորությունները:

Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության արդարադատության նախարարները ստորագրել են համաձայնագիր՝ «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Բելառուսի Հանրապետության արդարադատության նախարարության միջև դատական փորձաքննության բնագավառում համագործակցության մասին»:

Մեկնաբանել