Վիտալի Կլիչկոն ավարտեց պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերան

WBC տարբերակով գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն, ուկրաինացի գերծանրքաշային բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոն հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:

«Ես այլևս չեմ պատրաստվում մենամարտել», – հայտարարել է Կլիչկոն Դոնեցկում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ:

Նշենք, որ 41-ամյա Կլիչկոն վերջին անգամ ռինգ էր դուրս եկել 2012 թվականի սեպտեմբերի 8-ին Մոսկվայում: Այդ օրը նա հաղթել էր գերմանացի բռնցքամարտիկ Մանուել Չառին և հերթական անգամ պաշտպանել չեմպիոնական տիտղոսը:

Վիտալին նաև նշել է, որ  իր եղբայրը` Վլադիմիր Կլիչկոն, ով ևս մի քանի չեմպիոնական տիտղոսներ ունի, կշարունակի կարիերան. «Դեռ մեկ անգամ չէ, որ կբարձրանա Ուկրաինայի դրոշն ու կհնչի օրհներգը, երբ ռինգ դուրս կգա Կլիչկոն»:

Մարզական գործընկեր` SportArmenia.com