Իրանում ձերբակալել են նախկին նախագահ Ռաֆսանջանիի որդուն

Իրանի իշխանությունները ձերբակալել են երկրի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի որդուն՝ Մեհդի Հաշեմիին, հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով IRNA գործակալությունը։ Ըստ Reuters-ի՝ կիրակի նա վերադարձել է Լոնդոնից, որտեղ թաքնվում էր երեք տարի։

Հաշեմիին վերագրում են մասնակցություն Իրանի 2009թ․ նախագահական ընտրություններից հետո կազմակերպված բողոքի հակակառավարական ակցիաներին։ Նրա հետ միասին փողոց էր դուրս եկել նաև քույրը՝ Ֆաեզե Հաշեմին, որին ձերբակալել էին ցույցերը ցրելիս, սակայն հետագայում ազատ էին արձակել։

Փորձագետները ենթադրում են, որ Մեհդի Հաշեմիի վերադարձը գնահատվել է՝ որպես Իրանի իշխանությունների հետ համաձայնության գալու փորձ։ Բացի այդ՝ վերլուծաբանները չեն բացառում, որ Հաշեմիի վերադարձը նրա հոր ազդեցության մեծացման արդյունք է։

Փորձագետներն այսպիսի ենթադրություններ են արել՝ չնայած նրան, որ շաբաթ սկսել է իր պատիժը կրել Ֆաեզե Հաշեմին, որը 2012թ․ հունվարին դատապարտվել էր վեց ամսվա ազատազրկման։ Ենթադրվում է, որ նրա դատավճիռը կայացվել է ընդդիմադիր կայքին տված հարցազրույցի համար, որում նա իշխանություններին քննադատել էր մարդու իրավունքների խախտման, ինչպես նաև Թեհրանի արտաքին քաղաքականության համար։