Ստեփանակերտի տուն-ինտերնատի բնակիչների պայմանները բարելավվել են

Այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամը հանդիսավորությամբ բացեց Ստեփանակերտի տուն-ինտերնատի հիմնանորոգված և կահավորված երկրորդ մասնաշենքը. այս մասին հաղորդագրությամբ տեղեկացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Ծրագիրը կյանքի է կոչվել Հիմնադրամի Բարերար անդամ, մոսկվաբնակ հայ գործարար /«Լուդինգ» ընկերության հիմնադիր/ Արմեն Շախազիզյանի և ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ:

Բացմանը ներկա են եղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, ծրագրի բարերար Արմեն Շախազիզյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր:

Բացման խոսքով հանդես է եկել ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերով փոխնախարար Լենստան Ղուլյանը, ով շնորհակալություն է հայտնել «Հայաստան» հինադրամին և բարերար Արմեն Շախազիզյանին արցախցի ծերերի նկատմամբ հոգատարություն ցուցաբերելու համար: Կարմիր ժապավենը կտրել են բարերար Արմեն Շախազիզյանը և տուն-ինտերնատի տնօրեն Իրինա Սարգսյանը: «Ինձ համար նշանակալի օր է այսօր: Մենք միասին նորոգեցինք մեր տարեց հայրենակիցների տունը: Բարեգործություն կատարելը հայրենիքում մեր գերակա նպատակը պետք է լինի», – ասել է Արմեն Շախազիզյանը: Բարերարը նշել է, որ առաջիկայում կստանձնի նաև Ստեփանակերտի երաժշտական դպրոցի հիմնանորոգումը:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանն ասել է. «Այսօր հոգալով մեր մեծերի մասին’ մենք կրթում ենք մեր երիտասարդ սերնդին: Այս առումով, ծրագիրն առանձնահատուկ կարևորություն ունի մեզ համար»:

Սրբազանի օրհնությունից հետո ներկաները ծանոթացել են մասնաշենքի նոր պայմաններին: Հիմնանորոգվել և կահավորվել են երկրորդ մասնաշենքի 17 սենյակները: Կից կառուցվել են կաթսայատուն, խոհանոց, ավտոտնակ: Վերահատակագծման արդյունքում ինտերնատն այսօր ունի նաև հարմարավետ ճաշարան: Բակի կանաչ հատվածում կառուցվել է շվաքարան, լայնացվել են ճեմուղիները, իսկ տարածքը լուսավորվել է եւ ցանկապատվել: Նոր տեղադրված ոռոգման համակարգն էլ կապահովի տարածքի մշտական խնամքը: Առաջին մասնաշենքի և դահլիճի վերանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել գարնանը:

Ներկայումս հաստատությունում մշտապես բնակվում է 80 ծեր ու հաշմանդամ, շուրջ 150 հոգի էլ հաստատության անձնակազմի կողմից խնամք է ստանում տնային պայմաններում:

Հիշեցնենք, որ 2010 թվականին Մոսկվայում կայացած գալա-ճաշկերույթին Արմեն Շախազիզյանը տուն-ինտերնատի հիմնանորոգման նպատակով նվիրաբերված 500 հազար ԱՄՆ դոլարից զատ, նվիրաբերել է ևս 300 հազար ԱՄՆ դոլար` Արցախում խմելու ջրի խնդրի լուծման նպատակով:


Մեկնաբանել