«Արիության համաստեղության» այս տարվա հաղթողները Շիրակի փրկարարներն են

Շիրակի մարզային փրկարարական վարչությունում այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով պարգևատրվել են մարզի մի շարք փրկարարներ` մասնագիտական բարձր պատրաստականության և ծառայողական պարտականության ընթացքում ձեռք բերած հաջողությունների համար. տեղեկացնում է ԱԻՆ-ի հասարակության հետ կապերի վարչությունը:

Անբասիր ծառայության համար «Երրորդ աստիճան»-ի մեդալով պարգևատրվել են փրկարար ջոկատի վարորդ Արթուր Գրիգորյանը, «Անվեհեր փրկարար» մեդալով՝ փրկարարական ջոկատի հրամանատար Հրաչյա Ոսկանյանը, իսկ ՀՀ պաշտպանության նախարարի անունից «Ծովակալ Իսակով» մեդալով պարգևատրվել է ՇՄ ՓՎ փրկարարական ջոկատի հրամանատար, փրկարար ծառայության ենթասպա Սերգեյ Դավոյանը, որոշ փրկարարներ ստացել են պատվոգրեր:

Երկրոդ տարին է` ԱԻ նախարարության կողմից անցկացվում է «Արիության համաստեղություն» խորագրով հանրապետական փառատոնի «Լավագույնն ըստ մասնագիտության» մրցանակաբաշխությունը: Այս տարի Աշոցքի հրշեջ փրկարարական ջոկատի հերթափոխի պետ, փրկարարական ծառայության ենթասպա Վահագն Դանիելյանն արժանացել է ՀՀ «Լավագույն հերթափոխի պետ» մրցանակին, իսկ «Լավագույն հրշեջ-փրկարար» մեդալով պարգևատրվել է Ամասիայի հրշեջ փրկարարական ջոկատի, ավագ հրշեջ փրկարար Արամ Եղիազարյանը:

Շնորհավորելով բոլոր փրկարարներին՝ ՀՀ ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Մարատ Սարիբեկյանը նշել է, որ մարզի փրկարարական վարչությունը վերջին տարիներին շատ մեծ աշխատանքներ է տարել արտակարգ իրավիճակների դեպքում մարզում իրավիճակը կայուն պահելու ուղղությամբ: «Ես հպարտ եմ թե՛ մարզի փրկարարաներով, թե՛ իրենց կատարած աշխատանքով, ինչը գնահատականի է արժանացել ՀՀ պաշտպանության և Արտակարգ իրավիճակների նախարարների կողմից: Մարզի հրշեջ փրկարարները բազմիցս են ցույց տվել, թե ինչի են ունակ: Ունենալով նման փրկարարներ՝ կրկին վստահեցնում եմ մարզի ազգաբնակչությանը, որ մեր փրկարարները կարող են ցանկացած աղետ հաղթահարել»,- նշել է Մ. Սարիբեկյանը:

Մեկնաբանել