Տարածաշրջանն անկայունացնող սադրանքներին Հայաստանը վճռական է արձագանքելու. Վրաստանում ՀՀ դեսպան

Թբիլիսիի «Krtsanisi Residence» համալիրում սեպտեմբերի 21-ին տեղի է ունեցել ՀՀ անկախության 21-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն, որը կազմակերպել էր Վրաստանում ՀՀ դեսպանությունը: Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիսությանը մասնակցել են Վրաստանի պետական, քաղաքական, հասարակական ու գործարար շրջանակների բազմաթիվ ներկայացուցիչներ, Թբիլիսիում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, ռազմական կցորդներ, բարձրաստիճան հոգևորականներ, ինչպես նաև վրացահայ համայնքի հասարակական և մշակութային կառույցների տասնյակ ներկայացուցիչներ:

Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանն իր ելույթում անդրադարձել է անկախությունից ի վեր Հայաստանի ունեցած ձեռքբերումներին և խաղաղ համակեցության ու կայուն զարգացման նպատակների իրագործմանն ուղղված մարտահրավերներին: «Այսուհետ ևս Հայաստանի արձագանքը միանշանակ և վճռական է լինելու տարածաշրջանային անկայունությանն ուղղված ցանկացած տեսակի սադրանքներին: Մենք ցանկանում ենք հստակեցնել, որ հայկական պետականությունն ու արտերկրի հայ համայնքներն ունեն նշանակալից և ծանրակշիռ դերակատարություն, որոնց հետ հնարավոր չէ հաշվի չնստել նաև հետագայում»,-ասել է նա: Դեսպանը միևնույն ժամանակ, խոսել է Վրաստանի հետ տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացման հեռանկարների մասին, ինչպես նաև բարձր է գնահատել վրացահայ համայնքի դերը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում:

Վրացական կողմից շնորհավորական խոսքով հանդես է եկել Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Նիկոլոզ Վաշակիձեն:

ՀՀ անկախության 21-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելության ընթացքում տոնական երգերով են կատարել Թբիլիսիի «Հայարտուն» մշակութային կենտրոնի սաները, ցուցադրվել են Հայաստանի վերաբերյալ տեսահոլովակներ:

Մեկնաբանել