Պոչանքային հոսքերը թափվում են Ախթալա գետակ, հասնում Դեբեդ

Սեպտեմբերի 23-ին «Հետքը» Ախթալայի Սարահարթ թաղամաս գնացող կամրջից 500 մետրի վրա՝ ճանապարհի հարակից անտառում, հանդիպեց լեռնահարստացման կոմբինատից իջնող խողովակից թափվող հորդառատ պոչանքնային հոսքերի: Դրանք անարգել թափվում են Ախթալա գետակ, այնտեղից էլ հոսում են Դեբեդ: Ակնհայտ է, որ հոսքերը իրենց մեջ պարունակում են ԼՀԿ-ի արտադրական պոչեր: Դա փաստում էր ոչ միայն տարածքում թափված հոսքերի գույնը, այլև Ախթալա գետակի հարևանությամբ, բարձրադիր լանջի վրա առաջացած փոքրիկ պոչամբարը: Վերջինս ակնհայտ երևում է նաև Ախթալայի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու բակից:

Պոչանքային այս հոսքերը նոր չեն: Դրանց հետ կապված հարցմանը Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը սեպտեմբերի 24-ին պատասխանել է. «Դրանք հոսում են ամիսներ շարունակ: Ամենայն հավանականությամբ դա Ճոճկանի պոչամբարի չգործող շրջանառու համակարգի ջրերն են»:

Պոչանքային այս հոսքերի մասին «Հետքը» այսօր խնդրել է նաև «Մեթըլ Փրինս Էլ Թի-Դի» կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Օրբելի Թարմինյանի մեկնաբանությունը. «Չեմ կարող այս պահին ասել: Կպարզեմ և Ձեզ կտեղեկացնեմ մի փոքր ավելի ուշ»,- ասել է գլխավոր տնօրենի տեղակալը: Իսկ կարճ ժամանակ անց Օ. Թարմինյանը հայտնել է. «Դուք ճիշտ եք, դրանք շրջանառու համակարգի ջրերն են: Մի քանի օր առաջ ընկերությունում մշակվել է բնապահպանական լուրջ պլան, այդ խողովակից պոչանքային հոսքերի կանխումը մտած է այդ ծրագրի մեջ, մենք թերթին լրացուցիչ կհաղորդենք, թե ինչ ժամկետում ենք պարտավորվում ավարտել այդ հոսքերի վերացումը»,- ասել է Օրբելի Թարմինյանը, ով ընդամենը մի քանի ամիս է, ինչ աշխատում է ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ:

Նույն պոչանքային հոսքերի մասին այս տարվա հունիսի 24-ի «Հետքի» հարցմանը ԼՀԿ-ի նախկին գործադիր տնօրեն, ներկայումս ԼՀԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալի խորհրդական Լյովա Վարդանյանը պատասխանել է. «Ինչու, շրջանառու համակարգը պետք է աշխատեր, ես տեղյակ չեմ, կստուգեմ Ձեզ կտեղեկացնեմ»: Խուսափողական այս պատասխանը դեռ այն ժամանակ փաստել է, որ Ճոճկանի պոչամբարի ջրի շրջանառու համակակարգը, այո, տարիներ շարունակ չի գործում, իսկ պոչանքները շարունակաբար ուղղվում են Ախթալա գետակ, այնտեղից էլ՝ Դեբեդ:

Հիշեցնենք, որ ԼՀԿ-ն Ախթալա գետակը վաղուց դարձրել է մեռած գետակ, իսկ Դեբեդի ջրերով ոռոգվող Ախթալայի, Շնողի, Քարկոփի, Ճոճկանի, ինչպես նաև Նոյեմբերյանի տարածաշրջանի շատ գյուղերի գյուղատնտեսական մթերքներ լուրջ սպառնալիք են բնակչության առողջության համար:

Որպես կանոն հրապարակումներից մի քանի օր հետո Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում հայտնվում են ՀՀ բնապահպանության նախարարության տեսուչներն ու հատուկ հանձնաժողովները, որոնց եզրակացությունները այդպես էլ չեն հրապարակվում, խիստ գաղտնի են պահվում:

Ոչինչ չի փոխվում նաև Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի բնապահպանական պարտավորությունների կատարման գործելակերպում: Ստեղծված իրավիճակում մնում է հարց տալ ՀՀ կառավարությանը` ով և որ իրավունքով է առ այսօր հանդուրժել և կանաչ լույս վառել Սերոբ Տեր-Պողոսյանին պատկանող կոմբինատի` շրջակա միջավայրը ոչնչացնող գործունեությանը: