Ադրբեջանը փորձում է Հայաստանին որպես ագրեսոր ներկայացնել, նշում է Պապիկյանը

suren papikyan

Ադրբեջանն իր սադրիչ գործողություններն արդարացնելու համար կեղծ տեղեկություններ է տարածում և փորձում է ցույց տալ, թե հայկական կողմն իբր ագրեսիվ գործողություններ իրականացնելու նպատակ ունի։ Այդ մասին հունիսի 14-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Ադրբեջանը վերջին մեկ շաբաթվա ընթացքում կեղծ տեղեկատվություն տարածելով հենք է ստեղծում, որպեսզի կարողանա իր իսկ կողմից գործած սադրիչ գործողությունները ներկայացնել իբրև հայկական կողմի նախահարձակ գործողություններ։ Այս ամենի պատճառն ադրբեջանական կողմի նպատակներն են` ի ցույց դնելու, որ հայկական կողմը որոշակի ագրեսիվ գործողությունների միտում ունի։ Նման բան չկա, հայկական կողմը բանակցությունների սեղանի շուրջ շարունակելու է առաջ մղել խաղաղության օրակարգը, իհարկե, նաև պաշտպանելով մեր երկրի ինքնիշխան տարածքը»,- ասաց նա։

Պապիկյանը հայտնեց, որ ՊՆ-ն մշտապես հանդես է գալիս հաղորդագրություններով և սահմանին տեղի ունեցող իրադարձությունները պատշաճ ներկայացնում է հանրությանը։

Հունիսի 14-ին ադրբեջանական կողմը կրակել է Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում են ստացել գործարանի կառուցման շինարարական աշխատանքներում ներգրավված Հնդկաստանի երկու քաղաքացի: Հունիսի 12-ին և 13-ին էլ Ադրբեջանն ականանետ էր կիրառել Սոթքի ուղղությամբ։

Մեկնաբանել