Մանկապարտեզների շատ տնօրեններ տեղյակ են, որ կարագի փոխարեն սփրեդ է տրվում. ՏՄՊՊՀ

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, ուսումնասիրելով հանրապետության 575 մանկապարտեզներում սննդամթերքի գնումների գործընթացները, բացահայտել է մրցութային կանոնների խախտման, մատակարար ընկերությունների անբարեխիղճ վարքագծի (խաբեության) տասնյակ դեպքեր, ինչի մասին գրել է ՍիվիլՆեթը:

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը, հյուրընկալվելով «Հ1» հեռուստատեսության «Հարցազրույց» հաղորդմանը, նշեց, որ մարզերի բազմաթիվ մանկապարտեզների տնօրեններ տեղյակ են եղել, որ կարագի փոխարեն սփրեդ (կարագի ու մարգարինի խառնուրդ) է մատակարարվում: Շատ դեպքերում, ըստ նրա, մրցույթներ ուղղակի չեն անցկացվել. նախապես որոշվել է, թե որ ապրանքն ումից պետք է ստացվի, և կնքվել են պայմանագրերը: Իսկ ընդհանուր առմամբ, ներկայացված մրցույթի պայմաններում, ուր պետությունը պատրաստ էր կարագի համար վճարել Դ2500, «անբարեխիղճները» առաջարկել են Դ1800-ով մատակարարել կարագ, իսկ իրականում դա կարագ չի եղել: «Այսպիսով, Դ1000-1200 արժեցող սփրեդը իրացրել են Դ1800-ով»,- ներկայացրեց Շաբոյանը:

Պետբյուջեի հաշվին ձեռքբերված կծու-թթու պահածոներին և սուրճին անդրադառնալով` Շաբոյանն ասաց, որ այլ երկրների փորձն ուսումնասիրելիս` արձանագրել են, որ այս ապրանքներն ուղղակի արգելված են տարիքային այս խմբի և նախադպրոցական հաստատությունների համար:

Ըստ նրա` այս ապրանքների ձեռքբերման հնարավորությունը պայմանավորված է օրենքի բացով` երեխաների սննդի կարգը թերի է. ներկայացված չէ, թե երեխաների համար որ սնունդն է թույլատրելի, որը`արգելված: Այս օրենսդրական բացից օգտվելով` շատերը մանևրում են և ձեռք բերում ոչ թույլատրելի սննդամթերք:

«Շատ դեպքերում մատակարարները նշել են, որ իրենք ապրանքը ձեռք են բերել շուկայից, ինչի իրավունքն ունեն: Նման դեպքերում մենք պահանջել ենք համապատասխանության սերտիֆիկատները, սակայն այդ սերտիֆիկատներում ապրանքի մասին շատ ընդհանուր բնույթի տեղեկություններ են, որոնցով հնարավոր չէ իդենտիֆիկացնել ապրանքների խմբաքանակները, և ընդհանրապես` իրականացնել իրացման շուկայում ապրանքների հետագծելիությունը: Եվ այդ պատճառով մի քանի տասնյակ տնտեսվարողների գործեր մենք կուղարկենք դատախազություն, և եթե պարզվի, որ այդ սուբյեկտները ևս մեղավոր են, մենք նրանց ևս հետագայում կենթարկենք պատասխանատվության»,- ասաց Շաբոյանը: Օրենքի այդ բացի պատճառով է, որ, ըստ Շաբոյանի, իրենք խնդրին մոտեցել են` տնտեսվարողներին վերցնելով որպես թիրախ:

Բացի ՏՄՊՊՀ-ից` մանկապարտեզներում վերահսկողություն իրականցնող այլ օղակներ էլ կան, սակայն «մանկապարտեզներն իրենց կարգավիճակով տարբեր են, և ըստ կարգավիճակի` վերահսկողներն էլ տարբեր են»: Ընդհանուր առմամբ, Շաբոյանի գնահատմամբ` բավական խնդիրներ Երևանում լուծված են, մինչդեռ մարզերում շատ ավելի վատ վիճակ է:

Մեկնաբանել