«Այդ ովքե՞ր են». Խաչատուր Սուքիասյանը շուրջ 2 մլրդ դրամի գույք է վաճառել Կենտրոնում, բայց գնորդներին չգիտի

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանը 2022-ին 8 անշարժ գույք է վաճառել՝ ստանալով շուրջ 2 մլրդ դրամ եկամուտ։

Խաչատուր Սուքիասյանը տարեսկզբի համար հայտարարագրել էր 32 անշարժ գույք, տարեվերջին գույքերի թիվը դարձել էր 24։ Ըստ հայտարարագրի՝ նա վաճառել է 4 հողամաս և հասարակական նշանակության 4 շինություն՝ բոլորը Երևանի կենտրոնում։ Հողամասերը վաճառվել են 21,2 մլն դրամից մինչև 46,3 մլն դրամի, իսկ հասարակական նշանակության շինությունները՝ 262,8 մլն դրամից մինչև 574,7 մլն դրամի սահմաններում։ Ընդհանուր առմամբ մեկ տարում Սուքիասյանը վաճառել է 1,7 մլրդ դրամի գույք։

Ուշագրավ են Սուքիասյանի գույքերի գնորդների անունները։ Մասնավորապես, հասարակական շինություններից ամենաթանկերը՝ 559,9 մլն և 574,7 մլն դրամով, գնել է Զոհրաբ Հովհաննիսյանը, մյուս երկուսը (յուրաքանչյուրը նույն արժեքով՝ 262,8 մլն դրամով), ձեռք է բերել Միքայել Շահնազարյանը։ Այս երկու անձինք էլ ձեռք են բերել Սուքիասյանի՝ Կենտրոնի հողամասերը։

Միքայել Շահնազարյանը 2020-ից սկսած 100 տոկոս բաժնեմաս ունի «Կոմանդիր Սեքյուրիթի» ՍՊԸ-ում։ Այս ընկերությունը իրականացնում է Խաչատուր Սուքիասյանի պահնորդական գործողությունները։

ՍիվիլՆեթի հետ զրույցում Խաչատուր Սուքիասյանը հաստատեց, որ ներկայում էլ իր պահպանությունն իրականացնում է «Կոմանդիր սեքյուրիթի» ընկերությունը։ Փաստորեն գույքերի մի մասը նա վաճառել է հենց այս ընկերության հիմնական բաժնետիրոջը։ Ավելին, այս ընկերության բաժնետերը 2012-2016-ը եղել է Խաչատուր Սուքիասյանի «Ինլոբբի» ընկերությունը, որը զբաղվում է հյուրանոցային համարների ու ավիատոմսերի ամրագրմամբ։ Բացի այդ, «Կոմանդիր սեքյուրիթին» գրանցված է նույն հասցեում, ինչ Սուքիասյանների «Սիլ կոնցեռն» ընկերությունը։

ՍիվիլՆեթի հետ զրույցում Խաչատուր Սուքիասյանը այդպես էլ չմտաբերեց, թե ովքեր են Զոհրաբ Հովհաննիսյանն ու Միքայել Շահնազարյանը։ Ուշագրավ են «Կոմանդիր Սեքյուրիթի» ընկերության սեփականատեր Միքայել Շահնազարյանի հետ կնքված գործարքները։ Մասնավորապես, Սուքիասյանը այս անձին վաճառել է երկու հողամաս նույն օրը և նույն գնով՝ յուրաքանչյուրը 21,2 մլն դրամով, ինչպես նաև հասարակական նշանակության 2 շինություն՝ կրկին նույն օրն ու նույն գնով՝ յուրաքանչյուրը 262,8 մլն դրամով։ Այս անձանց ու նշյալ օտարման գործարքների մասին հարցեր ուղղեցինք Սուքիասյանին։

Պարոն Սուքիասյան, Դուք Զոհրաբ Հովհաննիսյանին ու Միքայել Շահնազարյանին ճանաչո՞ւմ եք։ Առնչություն ունեցե՞լ եք։

– Այդ, ովքե՞ր են։

– «Կոմանդիր սեքյուրիթին» Ձեր ու Ձեր ընկերությունների պահնորդական գործունեությունը իրականացնո՞ւմ է։

– Հա, դա եք ասում։ Բայց ես նրանց ո՞նց իմանամ։

– Բայց Դուք այս ֆիզիկական անձանց գույք եք վաճառել։

– Չէ, լսեք։ Նախ ինստիտուտներն են անում, ես գույք վաճառող չեմ։

– Դուք շուրջ 2 մլրդ դրամի գույք եք վաճառել այս անձանց ու նրանց անուններն անգամ չգիտե՞ք։

– Ես՝ անձո՞վ (նկատի ունի ֆիզիկական անձը – Գ.Թ.)։

– Այո, հողամասեր ու հասարակական նշանակության շինություններ Երևանի Կենտրոնում։

– Կարող է, գիտեք։ Պետք է մի հատ հանեմ-նայեմ, ես անձամբ չեմ այդ գործարքները կատարում։

– «Կոմանդիր սեքյուրիթին» Ձեր պահնորդական գործունեությունը իրականացնո՞ւմ է։

– Այո։

– Միքայել Շահնազարյանն այդ ընկերության միակ բաժնետերն է, այսինքն՝ Ձեր իսկ թիկնապահին եք վաճառել գույքը։

– Անկեղծ, ես կառուցվածքները լավ չգիտեմ։ Տալիս եմ ու ինստիտուտներն են անում։

Հայտարարագրից տպավորություն է ստեղծվում, թե առուվաճառքի գործարքները ձևական են։ Ի՞նչ կասեք այս մասին։

Ձևական ոչինչ չկա։ Մերը ինստիտուտներ են, լուրջ համակարգեր են։ Ես չեմ ամեն ինչով զբաղվում, իրավաբաններն են զբաղվում։ Օրինակ՝ հիմա իմ հայտարարագիրը գրում են մի քանի մարդ՝ ինձ հետ։

2018-ի սեպտեմբերի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին և ՀՀ ոստիկանության նախկին պետ Վալերիյ Օսիպյանին հրահանգել էր «ռեյդ» իրականացնել, օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորներին «պառկեցնել ասֆալտին» և զինաթափել։

Այս հրահանգից հետո Էրեբունի բաժին էին հրավիրվել նաև Խաչատուր Սուքիասյանի թիկնապահները։ Սուքիասյանն այդ ժամանակ պատգամավորական պաշտոն չուներ խորհրդարանում։ Ոստիկանությունից հայտնել էին, որ թիկնապահները «ներկայացրել են իրենց փաստաթղթերը, որտեղ գրված է՝ նրանք «Կոմանդիր սեքյուրիթի» պահնորդական ընկերության ներկայացուցիչներ են»։

Այս ընկերությունը 2022-ի վերջին նաև պետական գնման մրցույթի է մասնակցել ու հաղթել՝ ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելով ՀՀ ոստիկանության հետ։

Սուքիասյանի գույքերի մյուս գնորդը Զոհրաբ Հովհաննիսյանն է, որը կառուցապատման ոլորտում աշխատող «Ավագյանբրիջ» ընկերության տնօրենն է 2018-ի վերջից։

2022-ին Սուքիասյանի եկամուտները ձևավորվել են աշխատավարձից, շահաբաժիններից, վարձակալության դիմաց ստացված վճարներից, ինչպես նաև այդ գույքերի վաճառքից։ Ընդ որում՝ տարվա ընթացքում նա ստացել է ավելի քան 2,1 մլրդ դրամ եկամուտ, որում առյուծի բաժինը ընկնում է հենց այդ գույքերի վաճառքին՝ ավելի քան 1,7 մլրդ դրամ։

Ի դեպ, նախորդ տարվա վերջին «սև ամպեր» կուտակվեցին Սուքիասյանի ընտանիքին պատկանող՝ Երևանի Կենտրոնի գույքերից մեկի վրա։ Գլխավոր դատախազությունը պահանջել էր Սուքիասյանի ընտանիքին զրկել Երևանի Աբովյան փողոցում գտնվող ու նրանց պատկանող «Սիլ պլազա»-ի շենքի սեփականության իրավունքից։ Այդ մասին հայտնել էր «Հետք»-ը, որն ավելի վաղ հետաքննություն էր հրապարակել շենքի սեփականաշնորհման վերաբերյալ։

Մեկնաբանել