Երեխաները սփրեդը կարագից չեն տարբերել

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) մանկապարտեզներին կարագի փոխարեն սփրեդ մատակարարած 27 ընկերությունների երեկ տուգանեց տարեկան հասույթի 1%-ի չափով։ Պետական միջոցներով ու երեխաների հաշվին սուրճ, բաստուրմա, սուջուխ, ձկան և մսի պահածոներ, կծու պղպեղ և այլն ձեռք բերած մանկապարտեզների տնօրենները կարծես անպատիժ մնացին։ Անորոշ մնաց նաև գնումների շղթայում վերահսկող կառույցների՝ տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատվության չափը։

Վերահսկիչ պալատի կողմից պետական գնումների համակարգում բացահայտված խախտումների հրապարակումից ու ոլորտում չարաշահումների մասին Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարություններից հետո պատասխան գործողություններն իրենց երկար սպասեցնել չտվեցին։ Երեկ ՏՄՊՊՀ-ն մոտ կես տարի առաջ սկսած ուսումնասիրությունների հիման վրա տուգանեց 27 ընկերության, որոնք պետական գնումների շրջանակում մանկապարտեզներին կարագի փոխարեն սփրեդ են վաճառել։

Ըստ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի՝ ուսումնասիրելով հանրապետության ողջ տարածքում գործող 575 մանկապարտեզների գործունեությունը, բացահայտել են ոչ միայն մրցութային կանոնների խախտման, այլև նաև մատակարար ընկերությունների կողմից անբարեխիղճ վարքագծի, այլ կերպ ասած՝ խաբեության տասնյակ դեպքեր:

Բացահայտվել են մի շարք դեպքեր, երբ տնտեսավարողները մանկապարտեզների հետ կնքել են կարագի մատակարարման պայմանագիր, սակայն կարագի փոխարեն երեխաների սննդի համար տրամադրել են բուսասերուցքային խառնուրդ՝ սփրեդ կամ մարգարին, որոնք թե՛ որակական և թե՛ գնային առումով մի քանի անգամ զիջում են կարագին:

«Ավելին՝ որոշ մանկապարտեզների փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ պետության կողմից երեխաների համար տրամադրված սննդի գումարով ձեռք են բերվել այնպիսի ապրանքներ, որոնց օգտագործումը մանկական սննդում պարզապես անհնար է պատկերացնել։ Օրինակ՝ սուրճ, բաստուրմա, սուջուխ, ձկան և մսի պահածոներ, կծու պղպեղ»,– ասաց Շաբոյանը։ Մարզերում բացահայտվել են նաև դեպքեր, երբ մանկապարտեզների տնօրենները գնել են հենց սփրեդ, ինչը հստակ նշված է եղել հաշիվ-ապրանքագրերում։

Շաբոյանը նշեց, որ մարզերում մի շարք ընկերություններ, մանկապարտեզների տնօրենների համաձայնությամբ, սննդի մատակարար են դարձել առանց մրցույթների անցկացման, ինչն օրենքի կոպիտ խախտում է: «Նման գործելաոճը նպաստել է այս դաշտում անառողջ մրցակցային միջավայրի ձևավորմանը, քանի որ տասնյակ և միգուցե ավելի բարեխիղճ տնտեսավարողներ զրկվել են մրցույթներին մասնակցելու հնարավորությունից»,– ասաց նա:

ՏՄՊՊՀ նախագահի խոսքով՝ իրականացված ուսումնասիրության ընթացքում ի հայտ եկած խախտումները նաև օրենսդրական բացերի արդյունք են: Խոսքը մանկապարտեզներում երեխաների համար նախատեսված սննդի կազմակերպման կարգի մասին էր, որը, ըստ Շաբոյանի, թերի է: «Այդ կարգում բացակայում է, թե որոնք են երեխաների համար թույլատրելի և արգելված սննդամթերքները: Ռուսաստանի Դաշնությունում, օրինակ, գործում է նորմատիվային իրավական ակտ, որը հստակ սահմանում է երեխաների սննդի համար օգտագործվող սննդամթերքի ցանկը»,– ասաց նա։

Շաբոյանը չպատասխանեց, թե չարաշահումների շղթայում ինչ դերակատարություն են ունեցել մանկապարտեզների գործունեությունը վերահսկող մարմինները։ Ըստ նրա՝ մանկապարտեզները համայնքային ենթակայության կառույցներ են, և նրանք օգտվել են օրենսդրական բացերից։ Շաբոյանի խոսքով՝ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրությունների ողջ փաթեթը կուղարկի Գլխավոր դատախազություն ու բոլոր այն պետական մարմիններին, որոնց կարգավորման դաշտում են վերոնշյալ խնդիրները։

Օրենսդրական բացի համար պատասխանատու մարմինը կրթության և գիտության նախարարությունն է։ 2002թ. կառավարության կողմից հավանության արժանացած «ՀՀ նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունում ամրագրված է, որ «Հաստատության աշխատանքային ռեժիմը, հաստատությունում երեխաների մնալու տևողությունը, կրթադաստիարակչական խմբերի համալրման և սննդի կազմակերպման կարգը որոշվում են նախարարության մեթոդական ցուցումներին համապատասխան»։ Նախարարության պաշտոնական կայքի նախադպրոցական կրթություն բաժնում նշված մեթոդական ցուցումները բացակայում են։

Երևանի հանրակրթական հաստատություններում քաղաքապետի, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի որոշումների, հրամանների, կարգադրությունների և այլ նորմատիվային ակտերի, փաստաթղթերի պահանջների կատարումն ու հսկողությունը իրականացնում է քաղաքապետարանի հանրակրթության վարչությունը (վարչության պետը, ի դեպ, Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի կինը՝ Գայանե Սողոմոնյանն է)։

Մեկնաբանել