ՍիվիլՆեթը դատարանում հաղթեց «Ալավերդի» բժշկական կենտրոնի տնօրենին

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սուրեն Բաղդասարյանը հունիսի 14-ին վճռել է մերժել «Ալավերդի» բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանի հայցն ընդդեմ Սիվիլիթաս հիմնադրամի և ՍիվիլՆեթի թղթակից Լարիսա Փարեմուզյանի։ Կողմը դեռ ժամանակ ունի այս վճիռը բողոքարկելու։

Մոսինյանը դատարանում վիճարկում էր 2022-ի փետրվարի 23-ին ՍիվիլՆեթի՝ Լոռու մարզի թղթակից Լարիսա Փարեմուզյանի կողմից ՀՀ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին «Տեղեկություն ստանալու հարցում» վերտառությամբ էլեկտրոնային գրությունը, ինչպես նաև նույն տարվա մարտի 14-ին ՍիվիլՆեթում հրապարակված «Ալավերդու ԲԿ-ի տնօրենը՝ «մահվան» բիզնեսի մենաշնորհատեր» վերտառությամբ հոդվածը։

Ըստ հայցվորի՝ «հրապարակման մեջ տեղ էին գտել իրականությանը չհամապատասխանող և հայցվորին զրպարտող տեղեկություններ»։

Դատարանը նախ անդրադարձել է «Տեղեկություն ստանալու հարցում» վերտառությամբ էլեկտրոնային գրությանը՝ արձանագրելով, որ Լարիսա Փարեմուզյանը այն ներկայացրել է կոնկրետ հայցվոր Ստեփան Մոսինյանի վերադասին, այսինքն՝ հասանելի է եղել միայն վերադաս մարմնին և ուղղված է եղել միայն մեկ անձի՝ Լոռու մարզպետին, «հետևաբար երրորդ անձ այդ դիմումում նշված փաստական տվյալներին հաղորդակից չի դարձել»: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ դատարանը փաստել է, որ պատասխանող Լարիսա Փարեմուզյանի դիմումը, անկախ դրանում առկա փաստական տվյալներով հայցվորի պատիվն ու արժանապատվությունը զրպարտության միջոցով արատավորվելու փաստից, ներկայացվել է ոչ հրապարակային՝ առանց երրորդ անձանց ներկայության:

Անդրադառնալով Փարեմուզյանի կողմից ՍիվիլՆեթ առցանց հեռուստատեսության ինտերնետային կայքով և ֆեյսբուքյան էջով 2022-ի մարտի 14-ին հրապարակված հոդվածում տեղ գտած և հայցվորի գնահատմամբ զրպարտություն համարվող փաստացի տվյալներին և դրանք գնահատել պատասխանող կողմի ներկայացրած փաստական տվյալների հետ համադրելով՝ դատարանը գտել է, որ «այդ տեղեկությունների մի մասը պատիվը և արժանապատվություն արատավորող չեն կարող համարվել, մի մասը, չնայած որ պատիվը և արժանապատվությունը արատավորող չեն կարող համարվել, այնուամենայնիվ հիմնված են որոշակի փաստերի վրա, իսկ մի մասը որոշակի փաստերի վրա հիմնված գնահատողական դատողություններ են»:

Գործով հաստատվել է նաև, որ «Ալավերդու պոլիկլինիկա» ՊՓԲ ընկերությանը պատկանող պոլիկլինիկայի շենքի 1-ին հարկում գտնվող 41,5 քմ տարածքը 3 տարի ժամկետով վարձակալության իրավունքով 2005 թվականի մայիսի 26-ին տրամադրել է «Գրիմոս Գրուպ» ՍՊ ընկերությանը ամսական 15 000 դրամ վարձավճարով: Վկայականում որպես վարձակալ նշված են «Գրիմոս Գրուպ» ՍՊ ընկերությունը և Ստեփան Մոսինյանը: Նույն տարածքը, որը հետագայում փոխանցվել է «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությանը 2008-ի փետրվարի 11-ին 99 տարի ժամանակով 5 000 դրամ ամսական վճարով տրվել է վարձակալության «Գրիմոս Գրուպ» ՍՊ ընկերությանը:

Ըստ պատասխանող կողմի փաստարկների՝ «Գրիմոս Գրուպ» ՍՊ ընկերությունը «Ալավերդու պոլիկլինիկա» ՊՓԲ ընկերությանը պատկանող պոլիկլինիկայի շենքի 1-ին հարկում գտնվող 41,5 քմ տարածքը օգտագործում է որպես դեղատուն, որտեղ իրականացվում է դեղերի առուվաճառք, բացի այդ, ընկերությունը զբաղվում է նաև դագաղների առուվաճառքով:

Ալավերդի համայնքի ղեկավարի 2019-ի օգոստոսի 27-ի թիվ 284-Ա որոշմամբ Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի թիվ 103/1 հասցեում գտնվող 0.01125 հա մակերեսով հողամասը 371 250 հազար դրամ արժեքով աճուրդային եղանակով վաճառվել է «Գրիմոս Գրուպ» ՍՊԸ-ին:

Դատարանի փաստել է, որ Լարիսա Փարեմուզյանը, պայմանավորված հանրային գերակա շահով հասարակության տեղեկացված լինելու իրավունքի իրացման առումով կարող էր գնահատողական դատողություններ կատարել այն մասին, որ «Ալավերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Ստեփան Մոսինյանը Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանում 2008-ից թելադրող դիրք է գրավում դագաղի բիզնեսում:

Դատարանի գնահատմամբ «Ալավերդու տնային մահերի դեպքում դիակը ավտոմեքենայով դիահերձարանի մուտքին մոտեցնելու համար Մոսինյանը հինգ հազար դրամ է պահանջում դիակի տերերից» արտահայտությունը չի կարող համարվել պատիվը և արժանապատվությունը արատավորող, քանի որ Պաթանատոմիական և հիսթոլոգիական ծառայությունների համար գնացուցակով սահմանված է 5 000 դրամ ավտոմեքենաների մուտքը դիահերձարանի տարածք թույլատրելու համար, հետևաբար այդ գումարը կարող էր և պահանջվել:

Այսպիսով, դատարանը գտել է, որ այս գործով բացակայում է զրպարտության փաստական կազմի անհրաժեշտ պայմանների միաժամանակյա առկայությունը, այսինքն՝ չի հիմնավորվել զրպարտության միջոցով անձի պատվին և արժանապատվությանը վնաս պատճառելու հանգամանքը, ուստի հայցը ենթակա է մերժման:

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել