Լամին վերանայել է տեմպը

Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) 2012թ. գլոբալ առևտրի աճի կանխատեսումը 3,7%-ից իջեցրել է մինչև 2,5%: Կազմակերպությունում որոշումը պայմանավորել են Չինաստանում տնտեսական աճի տեմպի դանդաղմամբ ու ԱՄՆ-ի տնտեսության վերականգնման ոչ բավարար տեմպով։ ԱՀԿ-ն իջեցրել է կանխատեսումները նաև 2013թ. համար՝ այն սահմանելով 4,5% մակարդակում՝ ավելի վաղ կանխատեսված 5,6%-ի դիմաց։

ԱՀԿ ղեկավար Պասկալ Լամին ողջունել է ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի, ինչպես նաև Եվրոպական կենտրոնական բանկի՝ տնտեսությունների խթանմանն ուղղված վերջին գործողությունները։ Ըստ Լամիի՝ կառավարությունները պետք է շարունակեն քայլերն այդ ուղղությամբ՝ վերացնելով նաև առևտրային պատնեշները։ «Առևտրային քաղաքականության մեջ պրոտեկցիոնիզմի ամրապնդումը ամենավերջին բանն է, որը պետք է անել գլոբալ տնտեսության աճի համար»,– ասել է Լամին:

Կազմակերպությունն իջեցրել է նաև արտահանման ցուցանիշների կանխատեսումը ինչպես զարգացած (2%-ից մինչև 1,5%), այնպես էլ զարգացող երկրների համար (5,6%-ից մինչև 3,5%):

Կանխատեսումների վերանայման հիմնական մեղավորները Չինաստանը և ԱՄՆ-ն են: Այսպես՝ ԱՄՆ-ում ներքին սպառման աճը, որի ցուցանիշները կհրապարակվեն այս շաբաթ, փորձագետների գնահատմամբ, կկազմի 0,5%՝ բնակչության եկամուտների աճի տեմպի մինչև 0,2% դանդաղման պայմաններում (հուլիսին ցուցանիշը կազմել է 0,3%): ԱՄՆ-ի շուկան այս տարի ևս մնացել է ասիական տարածաշրջանի արդյունաբերական աճի հիմնական շարժիչը։ Այսպես՝ Ճապոնիայից ԱՄՆ արտահանումներն ավելացել են 17%-ով (Ճապոնիայում արտահանման 0,7% ընդհանուր անկման պայմաններում), Չինաստանից՝ 10%-ով, Հարավային Կորեայից՝ 6,1%-ով:

ԱՀԿ փորձագետների կարծիքով՝ եվրոգոտու պարտքային ճգնաժամը բացասական ազդեցություն է թողնում ինչպես Եվրամիության ներքին առևտրի ծավալների (2-րդ եռամսյակում՝ 3,5% անկում), այնպես էլ արտաքին գործընկերների վրա: ԱՀԿ տվյալների համաձայն՝ ԵՄ-ին բաժին է ընկնում դեպի զարգացող երկրներ արտահանումների 60%-ը:

2012թ. մայիս-հուլիսին աշխարհի խոշոր տնտեսություններում արձանագրվել է ինչպես արտահանման, այնպես էլ ներկրման ծավալների անկում: Բացառություն են կազմում Թուրքիան (արտահանման ակնհայտ աճ՝ ներկրման կրճատման պայմաններում) և Ռուսաստանը (այստեղ հուլիսին ներկրումներն աճել են 12%-ով):