Քաղցկեղը դատավճի՞ռ (չ)է

Հայաստանում մահվան երկրորդ ամենատարածված պատճառը քաղցկեղն է։ տարեկան մահերի 21 տոկոսը բաժին է ընկնում քաղցկեղին։ Ըստ պաշտոնական վիճակագրության՝ տղամարդկանց շրջանում ամենատարածված քաղցկեղային հիվանդություններն են շնչափողի, բրոնխների և թոքի չարորակ նորագոյացությունները, կանանց շրջանում՝ կրծքագեղձի, արգանդի մարմնի և արգանդի վզիկի չարորակ նորագոյացությունները։ Վերջին երկու տասնամյակում քաղցկեղից մահացության թիվը զգալիորեն աճել է։ Ընդհանուր առմամբ՝ Հայաստանում առողջապահական ծախսերի մոտ 1,9 տոկոսը բաժին է հասնում քաղցկեղին։ Եվրոպական երկրներում քաղցկեղին հատկացվում է առողջապահական ծախսերի մոտ վեց տոկոսը։ Այնուամենայնիվ, պետությունը փորձում է մասամբ փոխհատուցել ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բուժման համար նախատեսված որոշ ծառայությունների գումարը։ Փորձենք հասկանալ, թե քաղցկեղի բուժման համար նախատեսված որ ծառայություններն են փոխհատուցվում ամբողջությամբ, որոնք են ստանում մասնակի փոխհատուցում, և որ ծառայությունների ծախսն է ամբողջությամբ հիվանդի ուսերին։

Ի՞նչն է անվճար

Առողջապահության նախարարի 2019թ․ հունվարի 10-ի N20–Ա հրամանով սահմանվել են ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայությունների փոխհատուցման հետևյալ սկզբունքները. այն բուժհաստատություններում, որոնք առողջապահության նախարարության հետ ունեն կնքած «Պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով ծառայությունների մատուցման պայմանագիր», ճառագայթային բուժումը և չարորակ հիվանդությունների վիրահատական բուժումը բոլորի համար՝ անկախ սոցիալական խմբից, անվճար է։ Ճառագայթային բուժումը ներառում է նորագոյացությունների ճառագայթային բուժում Teragam սարքով, նորագոյացությունների ճառագայթային բուժում էլեկտրոնային արագացուցիչով և նորագոյացությունների ներխոռոչային ճառագայթային անվճար բուժում։

Բարորակ հիվանդությունների ճառագայթային բուժումը անվճար է ՀՀ կառավարության 2004-ի մարտի 4-ի թիվ 318-Ն Հավելված N 1-ում նշված սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց համար։ Ցանկում ընդգրկված են հետևյալ անձինք՝

  • Աղքատության (ընտանեկան) նպաստի համակարգում ընդգրկված 38․00 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ
  • 1-ին խմբի հաշմանդամներ
  • 2-րդ խմբի հաշմանդամներ
  • 3-րդ խմբի հաշմանդամներ
  • Հաշմանդամ երեխաներ (մինչև 18 տարեկան)
  • Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք
  • Միածնող երեխաներ (մինչև 18 տարեկան)
  • Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ (մինչև 18 տարեկան) և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք (18-23 տարեկան)
  • Բազմազավակ (մինչև 18 տարեկան 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքների երեխաներ
  • Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ
  • Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ
  • Բռնադատվածներ
  • Բժշկասոցիալական փորձաքննության իրավասու պետական մարմնի ուղեգրով լրացուցիչ բժշկական հետազոտության ենթարկվողներ
  • Հաշմանդամներից բաղկացած ընտանիքների երեխաներ (մինչև 18 տարեկան) մինչև 7 տարեկան երեխաներ
  • Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձինք
  • Զինծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ
  • Ձերբակալվածներ և ազատազրկման դատապարտվածներ
  • Մանկատներում և ծերանոցներում խնամվողներ
  • Մինչև 18 տարեկան` դիսպանսեր հսկողության տակ գտնվող երեխաներ

Ճառագայթային բուժում

Այս խմբերում չընդգրկված անձանց համար բարորակ հիվանդությունների ճառագայթային բուժումը վճարովի է։ Նույնը վերաբերում է չարորակ հիվանդությունների սիմպտոմատիկ բուժմանը։

Չարորակ հիվանդությունների ճառագայթային բուժումը Varian սարքով և Չարորակ հիվանդությունների ճառագայթային բուժումը Varian սարքով IMRT մեթոդով անվճար է կառավարության 2004-ի մարտի 4-ի թիվ 318-Ն հավելված N 5-ի 2-րդ կետի 1-8-րդ և 15- րդ ենթակետերում ընդգրկված անձանց համար և համավճարով է բնակչության մնացած բոլոր խմբերի համար։ Վերը նշված խմբի մեջ են մտնում

  • ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 28.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուները.
  • Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները և նրանց հավասարեցված անձինք.
  • ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձինք.
  • Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցները.
  • մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք.
  • ձերբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ
  • մինչև 18 տարեկան երեխաներ.
  • առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 18-23 տարեկան անձինք:

Բարելավված միջամտություն

Չարորակ հիվանդությունների վիրահատական միջամտությունը իր հերթին ունի բացառություններ։ «Երբեմն լրացուցչ պարագաների անհրաժեշտություն է ի հայտ գալիս, որը պետպատվերով չի ծածկվում։ Բարելավված վիրահատական միջամտությունը պացիենտը ֆինանսավորում է ամբողջությամբ իր միջոցներով։

Օրինակ՝ կրծքագեղձի քաղցկեղի դեպքում երբեմն լինում է կրծքագեղձը ամբողջապես հեռացնելու անհրաժեշտություն, բայց, եթե կլինիկորեն հնարավոր է կուրծքը չհեռացնել և իմպլանտի միջոցով միևնույն միջամտության շրջանակներում վերականգնել, ապա իմպլանտի գումարը պետք է պացիենտը ապահովի։ Այս սկզբունքը գործում է բազմաթիվ երկրներում, սա ոչ ստանդարտ՝ բարելավված ծառայություն է»,- ասում է Հենարան հասարակական կազմակերպության հիմնադիր Հռիփսիմե Մարտիրոսյանը։

Քիմիաթերապիա

Ընդհանուր առմամբ՝ քաղցկեղի բուժման ֆինանսական բեռը հիմնականում մնում է պացիենտի ուսերին։ Ֆինանսական բեռի զգալի մասը բաժին է հասնում քիմիաթերապիային։

«Որոշ հիվանդանոցներում քիմիթերապևտիկ բուժումը մատուցվում է պետպատվերի շրջանակներում։ Մարզային երկու բուժհաստատություն կա, որոնք ունեն քիմիթերապևտիկ ծառայություն՝ Վանաձորի և Գյումրու բժշկական կենտրոնները։ Խոսքը միայն պրոցեդուրայի մասին է, դեղորայքի համար վճարում է պացիենտը, բայց երբեմն որոշ ծրագրերի շրջանակներում որոշ դեղորայքներ տրամադրվում են»,- ասում է «Եվրոպա Դոննա» հասարակական կազմակերպության հիմնադիր Նվարդ Քոչարյանը։

Համաձայն առողջապահության նախարարության տվյալների՝ չարորակ նորագոյացության դեպքում ազգաբնակչության բոլոր շերտերի համար քիմիաթերապիայի ծառայություններն ամբողջ ծավալով (միջամտությունների մատուցումը) փոխհատուցվում է։ Իսկ քիմիոթերապևտիկ թանկարժեք դեղերի փոխհատուցումն իրականացվում է սոցիալապես անապահովների համար 300 հազար, սոցիալապես ապահովների համար` 100 հազար դրամի չափով։ Խոսքը նախարարության սահմանած ցանկում ներառված դեղորայքի մասին է։

«Հայաստանում լայնորեն կիրառվում է քիմիաթերապիան, ավելի քիչ օգտագործվում է թիրախային թերապիան։ Երբ այս երկուսը համակցվում են, բուժման արդյունավետությունը շատ ավելի բարձր է, բայց թիրախային թերապիան շատ թանկ արժե։ Այն պետպատվերի մեջ տեղավորելու հնարավորություն բացարձակապես չկա։ Շատ ավելի թանկ է իմունաթերապիան»,- նշում է Հռիփսիմե Մարտիրոսյանը։

Դեղերի անհասանելիություն

Ֆինանսական բեռը պայմանավորված է ախտորոշումից և նրանով, թե որ փուլում է հայտնաբերվել հիվանդությունը։ Այնուամենայնիվ, դեղերի անհասանելիությունը կապված է ոչ միայն ֆինանսական բեռի հետ։ «Ունենք բազմաթիվ կարևոր ու չգրանցված դեղեր։ Կան դեղեր, որ ուղղակի երկիր չեն մտնում։ Տվյալ խոշոր ընկերությունների համար Հայաստանի շուկան փոքր է, հասկանում եմ, որ գրանցումը բարդ գործընթաց է, բայց պետությունը ինչ-որ կերպ պետք է աջակցի գրանցումն ապահովելուն։ Հայաստան նաև զարտուղի ճանապարհներով է շատ դեղորայք ներմուծվում, որոնց որակի վրա վստահ չենք կարող լինել։ Հատկապես քիմիաթերապիայի դեղորայքը շատ ցուցումներ ունի. Ջերմաստիճանի պահպանումից սկսած մինչև տեղափոխումը պիտի ճիշտ արվի։ Խոսքը սպիտակուցային դեղորայքի մասին է։ Եթե ճիշտ ջերմաստիճանը չպահպանվեց, դեղը դառնում է անպիտան ու որոշ դեպքերում առողջութան համար վտնագավոր», – ասում է Նվարդ Քոչարյանը։

Անբարյացակամ վերաբերմունք, հերթեր, թղթաբանություն,

Բացի ֆինանսական բեռից և դեղերի անհասենլիությունից քաղցկեղ ունեցող անձինք բախվում են մեկ այլ կարևոր, թեև ոչ չափելի խնդրի՝ հերթեր, թղթաբանություն, անբարյացակամ վերաբերմունք։

«Թվում էր, թե արեստական հերթեր են։ Քիմիա ստանալուց առաջ գնում ես անալիզներ տալու, ժամերով հերթի մեջ ես սոված սպասում ես, անասելի հերթեր են ու կարծում եմ՝ կեսը անիմաստ։ Կամ տեխնիկական խնդիր կա, կամ աշխատողն է ուշանում, կամ թուղթը չեն գտնում։ Եթե ես գրանցված հիվանդ եմ տվյալ կլինիկայում ու գիտեմ, որ մեկ տարի բուժման մեջ եմ լինելու, ամեն անգամ գնալիս նույն թղթերը լրացնելու կարիք չկա, կարելի է հեշտացնել։ Ընդունարանում հարցրի՝ ինչու է ուշանում, ինչու տաբլոյի թիվը չի փոխվում, կես ժամ է կանգնած եմ՝ ոչ մեկ չի մտնում։ Ասացի՝ այսքան մարդ հեռու մարզերից եկել, ժամերով սոված սպասում են, ինչու հերթը առաջ չի գնում, ինձ պատասխանեցին. «Ինչի՞, գիտեք՝ մենք կուշտ ենք»,- պատմում է քաղցկեղը հաղթահարած Էլեոնորա Խաչատրյանը։

Չնայած բազմաթիվ դժգոհություններին՝ չկա բողոքարկման կայացած ինստիտուտ, բողոքները բարձրաձայնվում են որոշ հասարակական կազմակերպություններում և սոցիալական ցանցերում։ Արդյունքում, հիվանդների նկատմամբ անբարյացակամ վերաբերմունքի գնահատումը մնում է խիստ սուբյեկտիվ։ «Մենք դիմում ենք Առողջապահության նախարարությանը, նախարարությունը փորձում է լուծումներ տալ։ Հասկանալի է, որ բժիշկներն էլ են մարդ, բայց պետք է հասկանան, որ գործ ունեն չափազանց հուզական վիճակում գտնվող և խոցելի մարդկանց հետ։ Ունեցել ենք դեպք, երբ ծայրահեղ աղքատ պացիենտին կանչել են մարզից, հասել է Երևան` դեղորայք ստանալու, և ասել են՝ շփոթել ենք, քո օրը չէ։ Երբ պացիենտը դժգոհել է, շատ կոպիտ են պատասխանել։ Այսինքն՝ մի կերպ ծայրը ծայրին հասցնող չորս երեխաների մայրը հասնում է Երևան, ասում են՝ խառնել ենք։ Ես ասել եմ՝ եթե դեպքը կրկնվի ստիպված եմ լինելու բարձրաձայնել բուժհաստատության անունը»,- պատմում է Քոչարյանը։

Առանձին խնդիր է ենթակառուցվածքների անհամաչափ բաշխումը։ Քաղցկեղի բուժմանն ուղղված ծառայությունների ճնշող մեծամասնությունը մատուցվում են Երևանում։ Երևանից դուրս քիմիաթերապիա և օնկոլոգիական վիրահատություն կատարվում են միայն Գյումիրիում և Վանաձորում, իսկ ճառագայթային բուժում Երևանից դուրս ոչ մի տեղ չի արվում։

Նախարարության հետ պայմանագիր կնքած բուժհաստատությունները

Առողջապահության նախարարության հետ «Պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով ծառայությունների մատուցման պայմանգիր» կնքած բուժհաստատությունների ցանկում են

  • Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն ՓԲԸ
  • ՍլավՄեդ բժշկական կենտրոն ՍՊԸ
  • Մեդլայն կլինիկ ՍՊԸ-ն, Էլիտ-Մեդ բժշկական կենտրոն ՍՊԸ
  • Ուիգմոր գրուպ փակ բաժնետիրական ընկերություն
  • Էրեբունի բժշկական կենտրոն ՓԲԸ
  • Գրիգոր Նարեկացի ԲԿ ՓԲԸ
  • Միքայելյանի վիրաբուժության ինստիտուտ ՓԲԸ
  • ԱրթՄեդ ԲՎԿ ՓԲԸ
  • Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ ՓԲԸ
  • Իրա Մեդիքլ գրուպ ՓԲԸ
  • Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ
  • Արմենիա ՀԲԿ
  • Ս. Վ. Մալյանի անվան ակնաբուժական կենտրոն ՓԲԸ
  • Նատալի ֆարմ ՍՊԸ Աստղիկ բժշկական կենտրոն
  • Մխիթար Հերացուն անվան պետական բժշկական համալսարան հիմնադրամ
  • Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոն ՍՊԸ
  • Նորք Մարաշ ԲԿ ՓԲԸ
  • Շենգավիթ բժշկական կենտրոն ՓԲԸ
  • Սուրբ Աստվածամայր ԲԿ ՓԲԸ
  • Տոնոյան ԲԿ-ն, Նաիրի բժշկական կենտրոն ՓԲԸ
  • Վարդանանց ՆԲԿ
  • Գյումրու բժշկական կենտրոն ՓԲԸ
  • Վանաձորի բժշկական կենտրոն ՓԲԸ
  • Գորիսի բժշկական կենտրոն ՓԲԸ
  • Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ ՓԲԸ

Հասմիկ Հովհաննիսյան

Մեկնաբանել