Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck
Սուրեն Պապիկյանին դեսպան նշանակելուց մինչև գործող դատավորների, դատախազների, քննիչների բարեվարքության ստուգում։ Իշխանությունը խոստանում էր Շուռնուխի նոր թաղամասը հանձնել բնակիչներին, իսկ Նաիրա Զոհրաբյանն էլ պնդում էր՝ սկանդալային տեսանյութ է հրապարակվելու։ #CivilNetCheck-ը ներկայացնում է նախորդ ամիսներին բարձրաստիճան պաշտոնյաների տված խոստումները, որոնք այդպես էլ անկատար մնացին։ Ի դեպ, լրատվամիջոցներն էլ աչքի են ընկել «փուչ» կանխատեսումներով։
Շուռնուխում տների կառուցման կառավարության նշած ժամկետը չորրորդ անգամ խախտվում է
Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղը 2020-ի դեկտեմբերին դարձավ սահմանամերձ, և գյուղի 13 տուն սահմանազատման արդյունքում անցան Ադրբեջանի վերահսկողության տակ։ Կառավարությունը երկու ամիս անց՝ 2021-ի փետրվարին, հաստատեց Շուռնուխում պետական ֆինանսավորմամբ մինչև 2021-ի տարեվերջ 13 ընտանիքների համար նոր տներ կառուցելու ծրագիրը։
«Առաջիկայում շատ արագ պետք է սկսվեն նաև 13 բնակելի տների տեղակայման և շինարարական աշխատանքները։ Աշխատանքները կազմակերպված են այնպիսի հաշվարկով, որ մինչև տարեվերջ ավարտենք բնակելի տան կառուցման և բնակեցման գործընթացները»,- 2021-ի փետրվարի 18-ի կառավարության նիստում զեկուցել էր Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Արմեն Ղուլարյանը։
Առաջին փուլով 2021-ին պետք է կառուցվեին 13 բնակելի տները և բնակեցվեին, երկրորդ փուլով՝ 2022-ի ընթացքում, բոլոր ենթակառուցվածքները և ճանապարհները, իսկ երրորդ փուլով՝ 2023-ի ընթացքում, հասարական և գյուղարտադրական այլ կառույցներ։
2022-ի մարտին դեռ ոչ մի տան կառուցումը չէր ավարտվել, իսկ Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Արմեն Ղուլարյանը խոստանում էր, որ մինչև 2022-ի առաջին կիսամյակի վերջ տները պատրաստ կլինեն։ Սակայն 2022-ի օգոստոսին կրկին թաղամասը պատրաստ չէր, տներից որևէ մեկն ամբողջությամբ կառուցված չէր և ժամկետը երկարաձգվել էր մինչև 2022-ի տարեվերջ, այնուհետև մինչև 2023-ի հունիս։
Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում հայտնեց, որ տների շինարարությունը մինչ օրս չի ավարտվել, ջրամատակարարման համակարգ չի անցկացվել և ճանապարհի ասֆալտապատում չի կատարվել։
«Ջրի խնդիրը կա, որ չգիտենք ինչպես անենք։ Հոսանքը կա, անցկացված է, մի քանի տան ներքին հարդարումն են ավարտել»,- նշեց գյուղապետ Արշակյանը։
Փաստացի իրենց տները կորցրած գյուղացիներին կառավարության տված խոստումից անցել է մոտ երկուսուկես տարի, սակայն տները մինչ օրս դեռ պատրաստ չեն բնակեցման համար, իսկ ենթակառուցվածքները՝ այդ թվում ճանապարհներն ու ջրատարները, չեն կառուցվել։
Գործող դատավորների բարեվարքության ստուգումը դեռ չի անցկացվում, վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանները ուշանում են
Արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանը 2022-ի հունիսին կառավարության նիստում խոստացել էր, որ «առաջիկա ամիսների ընթացքում»
հակակոռուպցիոն դատարաններ կստեղծվեն դատական երեք ատյաններում՝ առաջին ատյանում, վերաքննիչում և վճռաբեկում։
«Առաջիկա ամիսներին կունենանք հակակոռուպցիոն դատարաններ երեք ատյաններում»,- ասել էր ներկայում Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանը։
Նախկին նախարարի այս հայտարարությունից մեկ տարի անց հակակոռուպցիոն եռաստիճան դատական համակարգը ամբողջությամբ չի գործում։ Ներկայում ներդրված է առաջին ատյանի հակակոռուպցիոն դատարանը և Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը, սակայն հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը դեռ չի ստեղծվել։ Այդ պատճառով ստեղծվել է մի իրավիճակ, երբ հակակոռուպցիոն դատարանի կայացրած ակտերի վերանայումն իրականացվում է վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կողմից, սակայն այդ նույն ակտերի վերաքննությունը իրականացնում է վերաքննիչ քաղաքացիական և վերաքննիչ քրեական դատարանները:
2023-ի մայիսին հայտարարվեց, որ հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը կգործարկվի հուլիսի 15-ից:
Կարեն Անդրեասյանը կառավարության նույն նիստին՝ 2022-ի հունիսին, նաև հայտնել էր, որ բոլոր գործող դատավորներն առաջիկա ամիսներին բարեվարքության ստուգում կանցնեն։
«Ներկայում միայն համակարգ մտնող նոր դատավորների բարեվարքությունն է ստուգվում, իսկ ռազմավարությամբ՝ առաջիկա ամիսներ մենք նախաձեռնելու ենք որպեսզի բոլոր գործող դատավորների բարեվարքությունը ստուգվի»,- ասել էր Անդրեասյանը՝ հավելելով, որ բարեվարքության ստուգում է նախատեսվում նաև դատախազների, քննիչների և մի շարք այլ ոլորտների աշխատակիցների համար:
Սակայն հակառակ նախկին նախարարի նշած՝ «առաջիկա ամիսների» ժամանակացույցին, մինչ օրս գործող դատավորների, դատախազների, քննիչների բարեվարքության ստուգում չի իրականացվում և անգամ օրենսդրական կարգավորումները չեն ընդունվել։ Բարեվարքության ստուգմանը ներդրմանը վերաբերող օրենսդրական նախագիծ քննարկման է ներկայացվել 2023-ի մայիսի 19-ին, որը ներկայում լրամշակման փուլում է և անհայտ է, թե երբ կներդրվի։
Մամուլի (չ)կանխատեսումները. Իշխան Սաղաթելյանին մանդատից չզրկեց
«Ժողովուրդ» օրաթերթը 2023-ի հունվարին գրել էր, թե իր տեղեկություններով գործող իշխանությունները մտադիր են պատգամավորական մանդատից զրկել Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԴՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանին և դրա համար դիմելու են Սահմանադրական դատարան։
Սակայն «Ժողովուրդ»-ի այս կանխատեսումը այդպես էլ չիրականացավ՝ չնայած նրան, որ Սաղաթելյանը գերազանցել էր ԱԺ քվեարկություններից թույլատվրած բացակայությունների քանակը։ ԱԺ խորհուրդի նիստին, որը կայացավ հունվարի 13-ին, որոշվեց չդիմել ՍԴ և Սաղաթելյանին մանդատից չզրկել։
Արցախում Վիտալի Բալասանյանը ռազմական խորհրդական և բանագնաց չնշանակվեց
Մեկ շաբաթ անց՝ հունվարի 19-ին, «իր տեղեկությունների» հիման վրա գուշակությամբ հանդես եկավ «Հրապարակ» օրաթերթը և հայտնեց, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Վիտալի Բալասանյանին կնշանակի ռազմական խորհրդական և ադրբեջանական կողմի հետ բանագնաց։
Բալասանյանը, որը ավելի վաղ ազատվել էր է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից՝ նախագահի հրամանով, այդպես էլ որևէ պաշտոնում չնշանակվեց, իսկ «Հրապարակը» թեման այլևս չհիշատակեց։
Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարի պաշտոնից չհեռացվեց
«Իրավունք» օրաթերթը փետրվարի 10-ին, հղում անելով «իր աղբյուրներին», գրել էր, թե «մոտ օրերս» Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարի պաշտոնից հրաժարական կտա և կանցնի դիվանագիտական աշխատանքի։ Մեկ ամիս անց՝ մարտի 3-ին, նույնանման հրապարակում արեց նաև «Հրապարակ» օրաթերթը, կրկին հղում անելով «իշխանական աղբյուրներին», թե Պապիկյանին ազատելու հարցը որոշված է։
Օրեր անց վարչապետի աշխատակազմը հերքեց Պապիկյանին հեռացնելու մասին լուրերը և նրա հեռացման թեման լրատվականներն այլևս չհիշատակեցին, Պապիկյանն էլ մնաց նույն պաշտոնում։
Արթուր Դավթյանը Արցախում դատախազ չնշանակվեց
«Իրավունք» օրաթերթը մեկ էլ կանխատեսմամբ հանդես եկավ մայիսի 23-ին՝ այս անգամ հայտնելով, թե նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շուտով կնշանակվի Արցախում գլխավոր դատախազի պաշտոնում և նշանակման որոշումը շուտով կհրապարակվի։
Հետագա օրերին լրատվամիջոցները հակասական պարզաբանումներ ներկայացրին, թե ինչու Դավթյանը դատախազի պաշտոնում չի նշանակվել։ Արթուր Դավթյանը, հակառակ լրատվամիջոցների կանխատեսումներին, այդպես էլ որևէ պաշտոնի չնշանակվեց։
«Մեղրիի միջանցքի» վերաբերյալ ՌԴ-ից Զոհրաբյանի նշած արտահոսքը չեղավ
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը 2023-ի հունվարին «Հայելի» ակումբում մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ իր տեղեկություններով՝ առաջիկայում Ռուսաստանի դաշնությունը պաշտոնապես կհրապարակի փաստեր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնվել է տալ «Մեղրիի միջանցքը»։
«Ես ավելի քան վստահ եմ, որ առաջիկա օրերին կամ շաբաթներին ռուսական կողմը պաշտոնապես հրապարակելու է եթե ոչ տեսանյութ, ապա առնվազն փաստական տվյալներ առ այն, որ […] Նիկոլ Փաշինյանը, թե՛ Պրահայում, թե՛ ՌԴ-ում Պուտինի հետ հանդիպման ժամանակ տվել է համաձայնություն Մեղրու միջանցքի»,- ասել էր Զոհրաբյանը։
Այս հայտարարությունից կես տարի է անցել, սակայն ՌԴ-ի կամ ռուսական մամուլի կողմից նման փաստեր կամ տեղեկություններ չեն հրապարակվել, իսկ Հայաստանի իշխանությունները բազմիցս պաշտոնապես հերքել են նման պայմանավորվածության առկայությունը։
#CivilNetCheck-ի հետ զրույցում Զոհրաբյանը նախ չհիշեց, որ նման բան է ասել, սակայն երբ ուղարկեցինք տեսանյութը, մտաբերեց և վերահաստատեց իր պնդումը, թե այդպիսի պայմանավորվածություն կա «Զանգեզուրի միջանցքի» մասով։
«Ես կարծում եմ՝ այդ արտահոսքը չեղավ զուտ Նիկոլ Փաշինյանի խնդրանքով, որովհետև ՌԴ-ի իշխանությունները, անկախ նրանից որ Նիկոլ Փաշինյանը ընդհուպ ՌԴ-ին մեղադրում է Հայաստանի անվտանգության սպառնալիք լինելու մեջ, շարունակում է պահել Փաշինյանին։ Վստահ եմ, որ Փաշինյանն է խնդրել»,- այսպես Զոհրաբյանը բացատրեց իր կանխատեսման չիրականացումը։