ԿԲ-ն ստիպում է ճանաչել ԼՂՀ-ն

Կենտրոնական բանկը խստացնում է Հայաստանում գործունեություն ծավալող արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերին առաջարկվող պահանջները։ ԿԲ պահանջների տրամաբանության հիմքում այն է, որ արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերը գործեն նաև Լեռնային Ղարաբաղում: Չի բացառվում, որ ԿԲ-ի այս քայլի արդյունքում Հայաստանի դրամական փոխանցումների շուկայում մնա ընդամենը երկու համակարգ։

ԿԲ խորհուրդը սեպտեմբերի 24-ին փոփոխություններ է կատարել «Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության հետևանքով Հայաստանի ֆինանսական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը վտանգելու մաuին» ուղեցույցում։ Այդ փոփոխություններով ԿԲ-ն ավելացնում է իր իրավասությունների շրջանակը, թե որ դեպքում կարող է կորցրած ճանաչվել վճարահաշվարկային համակարգին մասնակցության վերաբերյալ տրված թույլտվությունները։

Ըստ ԿԲ որոշման, որը ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում հայաստանյան մասնակցի մասնակցության հետևանքով ՀՀ ֆինանսական համակարգի կայունությունը կարող են վտանգվել այն դեպքերում, երբ սահմանված չէ օպերատորի պարտավորությունը համակարգի սպասարկումը հայաստանյան մասնակցի բոլոր տարածքային ստորաբաժանումներում ապահովելու դրույթը։

ԿԲ փոփոխությունները ենթադրում են, որ վճարահաշվարկային օպերատորը պարտավոր է լինելու համակարգին միացված հայաստանյան մասնակցի բոլոր տարածքային ստորաբաժանումների հասցեների վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրել համակարգի ծրագրային ապահովման համակարգում, ուղղակի ձևով իր ինտերնետային կայքում, ինչպես նաև ապահովել այդ տեղեկատվության հասանելիությունը համակարգի բոլոր սպասարկման կետերում։

ԿԲ-ն, ըստ էության, արտասահմանյան համակարգերին պարտադրում է գործունեություն ծավալել Լեռնային Ղարաբաղում, ընդ որում՝ դրա մասին հայտարարել պաշտոնապես։ Այս պահանջը լուրջ բարդություններ է ստեղծելու այն վճարային համակարգերի համար, որոնք գործունեություն են ծավալում Ադրբեջանում։ Այս որոշմամբ ԿԲ-ն, ըստ էության, արտասահմանյան վճարային համակարգերին ստիպում է ընտրություն կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Խնդիրն այն է, որ օրինակ՝ 2008թ. Ադրբեջանի ԿԲ-ն Western Union-ին արգելեց գործունեություն ծավալել իր տարածքում այնքան ժամանակ, քանի դեռ այն չի դադարեցրել գործունեությունը Ղարաբաղում։

Համակարգը դադարեցրեց ԼՂ-ում գործունեությունը, ինչի հետևանքով 2008թ. օգոստոսի 22-ին ԿԲ-ն որոշում ընդունեց և արգելեց Հայաստանի տարածքում գործող բանկերի մասնակցությունը Western Union վճարահաշվարկային համակարգում։ Լեռնային Ղարաբաղում հայաստանյան բանկերի մասնաճյուղերը չսպասարկելու համար էլ այս տարվա սեպտեմբերի 9-ին ԿԲ-ն «Միգոմ» վճարահաշվարկային համակարգին զրկեց Հայաստանում գործունեության ծավալելու իրավունքից։

Թեև Հայաստանի և Ադրբեջանի մասնավոր տրանսֆերտների ծավալներն էապես չեն տարբերվում (2011թ. Հայաստանում մասնավոր փոխանցումների ծավալը կազմել է $1,54 մլրդ, Ադրբեջանում՝ $1,77 մլրդ), արտասահմանյան համակարգերը հաճախ նախապատվությունը տալիս են ադրբեջանական շուկային։ Այսօր Հայաստանում գործունեություն են ծավալում տասից ավելի արտասահմանյան վճարային համակարգեր, և չի բացառվում, որ այս խստացումից հետո մնան ընդամենը երկուսը՝ Unistream-ը և ANELIK-ը, քանի որ դրանք Ադրբեջանում գործունեություն չեն ծավալում։ Այս երկու համակարգերին բաժին է ընկնում Հայաստան մասնավոր փոխանցումների մոտ 2/3-ը, և նրանք ըստ էության շուկայի հիմնական խաղորդներն են։