Ռոսսելխոզնադզորը թույլատրել է կաթնամթերք արտադրող մի շարք հայկական ընկերությունների արտադրանքի ներմուծումը Ռուսաստանի Դաշնություն, հայտնում է Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։
«Ըստ այդմ, Ռոսսելխոզնադզորը, վերլուծելով Տեսչական մարմնի կողմից ներկայացրած տեղեկատվությունն ու երաշխիքները, որ «Գրին Պրոդ», «Սպայկա», «Ալաշկերտ Գրուպ», «Իգիթ» ՍՊԸ-ները և «Արաքս-2» ԱԿ-ն համապատասխանում են ՌԴ և ԵԱՏՄ իրավական ակտերի պահանջներին, թույլատրել է այդ կազմակերպությունների արտադրանքի ներմուծումն իր երկիր՝ ուժեղացված լաբորատոր հսկողության ներքո», – ասված է հաղոևրդագրության մեջ։
2023-ի ապրիլի 5-ից Ռոսսելխոզնադզորի նախաձեռնությամբ դադարեցվել է Հայաստանից կաթնամթերքի մատակարարումը Ռուսաստան՝ «վատ պետական վերահսկողության և հայկական կողմից սահմանված արգելնքերի խախտման պատճառով»։ Գերատեսչությունից նշել էին, որ Հայաստանի կաթ վերամշակող ձեռնարկություններն օգտագործում են իրանական ձեռնարկությունների արտադրած հումք, որոնց նկատմամբ սահմանված է արգելք։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ինչպես հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը, ստուգումներ էր իրականացրել կաթնամթերք արտադրող մի շարք ընկերություններում, ինչի արդյունքում արձանագրվել է, որ վերացվել են ՌԴ ռոսսելխոզնադզորի կողմից դիտարկված անհամապատասխանությունները։
Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2022-ին հանրապետությունում արտադրվել է 26 300 տոննա պանիր և կաթնաշոռ, 8 730 տոննա ֆերմենտացված կաթնամթերք, 8 960 տոննա պաղպաղակ։ News.am-ին ՀՀ մաքսային ծառայության տրամադրած տվյալով՝ 2022-ի առաջին կիսամյակում Հայաստանից Ռուսաստան է արտահանվել 953 տոննա կարագ և կաթնային մածուկ, 648 տոննա պանիր և կաթնաշոռ, 313 տոննա սերուցք, կեֆիր և մածուն և 46 տոննա այլ կաթնամթերք՝ մոտ 10 մլն դոլար ընդհանուր գումարով:
2022 թվականի հունվար-նոյեմբերին Ռուսաստան է ներմուծվել 5,8 մլն տոննա կաթնամթերք՝ 3,14 մլրդ դոլար արժեքով, հաղորդում է Milknews գործակալությունը։ Մատակարարումների ավելի քան 80 տոկոսը գալիս է Բելառուսից։ Ռուսաստանի Դաշնություն կաթնամթերքի հիմնական մատակարարներից են նաև Արգենտինան, Ղազախստանը, Ուրուգվայը և Ղրղզստանը։