Yes Hay Em, Yes I Am խորագրով փառատոն Բելգիայում

Բելգիայի Անտվերպեն քաղաքում «ԱՐԴԻԱ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և Բելգիայում ՀՀ դեսպանության անմիջական մասնակցությամբ տեղի է ունեցել YES HAY EM, YES I AM խորագրով փառատոն:

Ինչպես հաղորդում են արտգործնախարարության մամուլի ծառայությունից, միջոցառման առաջին մասը` գիտաժողովը, նվիրված է եղել հայի ինքնությանը բնորոշ հատկանիշներին ու առկա խնդիրներին: Ելույթներով հանդես են եկել Բելգիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը, Բելգիայի Թագավորությունում հայ առաքելական եկեղեցու հովվապետ Զատիկ Վարդապետ Ավետիքյանը, «ԱՐԴԻԱ» հասարակական կազմակերպության նախագահ Սերգեյ Վարդանյանը, Հոլանդիայի «Աբովյան» մշակութային կենտրոնի նախագահ Մաթո Հախվերդյանը և այլք: 

Բանախոսներն իրենց ելույթներում հիմնականում անդրադարձել են ազգային ինքնության պահպանմանը, Հայրենիք-Սփյուռք կապերին, ինչպես նաև սփյուռքահայությանը հուզող այլ հիմնախնդիրներին: 

Գիտաժողովին հաջորդել է մշակութային փառատոնը՝ երգի-պարի համույթների, հայ արվեստագետների և անհատ կատարողների մասնակցությամբ: Փառատոնի շրջանակում ցուցադրվել է Արսեն Հակոբյանի հեղինակած «Արարատից Եվրոպա» փաստապատմագրական ֆիլմը:

Միջոցառմանը, ի թիվս Բելգիայում բնակություն հաստատած հայերի և բելգիահայությունը ներկայացնող կազմակերպությունների ղեկավարների, ներկա էին Գերմանիայից և Նիդեռլանդներից ժամանած հայեր: