Տակառն անհուն է

Եվրոպական իշխանությունները մտադիր են Կայունացման եվրոպական մեխանիզմի (European Stability Mechanism, ESM) «հարվածային ուժը» ավելացնել մինչև €2 տրլն։ ESM-ի կապիտալում փոխառու միջոցների մասնաբաժինն ավելանալու է նույն սկզբունքով, ինչ Ֆինանսական կայունացման եվրոպական հիմնադրամի (EFSF) դեպքում է: Նման քայլի նպատակը եվրոպական խոշոր տնտեսություններին փրկելու հնարավորության ստեղծումն է, ինչը ESM-ի միջոցների ներկայիս ծավալների պայմաններում անհնարին է։

Արդյունքում մեխանիզմի անդամ երկրների պետական երաշխիքների շնորհիվ գումարներ կապահովվեն մի շարք ռիսկային միջոցառումների, օրինակ՝ իսպանական պարտատոմսերի ձեռքբերման համար։ Բացի այդ՝ մասնավոր ներդրողները ևս կկարողանան ներգրավվել ESM-ի աշխատանքներում՝ սեփական միջոցներն օգտագործելով ճգնաժամի դեմ պայքարին ուղղված նվազ ռիսկային գործողություններում:

Ակնկալվում է, որ ESM-ն՝ €500 մլրդ նախնական ծավալով, կսկսի գործել հոկտեմբերի 8-ից:

Եվրոգոտու անդամ ոչ բոլոր երկրներն են կողմ մեխանիզմի ծավալի մեծացմանը: Կտրուկ «ոչ» է ասում Ֆինլանդիան: Հնարավոր է՝ Հելսինկիում դեռ հիշում են դարասկզբի սեփական ճգնաժամը, երբ հարևաններից ոչ մեկը օգնության ձեռք չմեկնեց:

Գերմանիան, ի տարբերություն Ֆինլանդիայի, առավել բարեհաճ է գաղափարի նկատմամբ։ Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն հայտարարել է, որ լիովին աջակցում է նախաձեռնությանը։ Սակայն ինչպես Շոյբլեն, այնպես էլ եվրոգոտու բարձրաստիճան պաշտոնյաները հազիվ թե համաձայնեն €2 տրլն ծավալին։ Չի բացառվում՝ որոշումը հիվանդագին կընդունեն շուկաները. չէ՞ որ Եվրոպայի փրկության համար ծախված միլիարդավոր եվրոներից հետո ևս €2 տրլն է պահանջվելու։

Մեկնաբանել