Հայաստանի և Արցախի ՊՆ-ները հերքում են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու լուրերը

Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարությունները հերքում են Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հայկական կողմերը կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հունիսի 16-ին՝ ժամը 00:15-00:20-ը ընկած ժամանակահատվածում, կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է ՀՀ պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունում։

Արցախի պաշտպանության բանակն էլ հերքում է Շուշիի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու տեղեկությունը։

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 16- ին ժամը 00։50-ից 04:10-ն ընկած ժամանակահատվածում սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- նշված է ՊԲ հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել