Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազները

Հունիսի 15-ին Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազներ Աննա Վարդապետյանը, Իգոր Կրասնովը և Քյամրան Ալիևը։

ՀՀ դատախազության հաղորդագրությունում նշվում է, որ հանդիպմանը Վարդապետյանը մտահոգություն է հայտնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հումանիտար պահանջներն Ադրբեջանի կողմից լիարժեք չկատարելու, իրավիճակն էսկալացնելու փորձերի կապակցությամբ։

«Հայտարարության ստորագրումից ի վեր Ադրբեջանում շարունակում են պահվել հայ ռազմագերիներ, որոնցից 33-ը դատապարտվել են։ Առկա են նաև ուղղակի ապացույցներ Ադրբեջանի զինված ուժերի կողմից երկու հայ զինծառայողերի առևանգման մասին։ Ընդ որում, մի շարք անձանց Հայաստան վերադարձնելը մերժելը ադրբեջանական կողմը պատճառաբանում է այն հանգամանքով, որ այդ անձինք հայտնվել են Ադրբեջանում հայտարարության ստորագրումից հետո, մինչդեռ հայկական կողմն ամբողջ ծավալով կատարել է հայտարարության 8-րդ կետի պահանջները»,- ասել է Աննա Վարդապետյանը։

Հայաստանի գլխավոր դատախազն անդրադարձել է նաև վերջին օրերին տեղի ունեցած դեպքերին՝ Երասխ բնակավայրի մոտ և Տեղի հատվածում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայկական դիրքերի և քաղաքացիական նշանակության օբյեկտների ուղղությամբ բացած կրակին․ «Ադրբեջանի վարքագիծը ոչ միայն չի նպաստում Հայտարարության դրույթների իրագործմանը, այլև հակասում է այդ փաստաթղթի նպատակներին և իմաստին՝ էլ ավելի սրելով իրավիճակը»։

Մեկնաբանել