1988-ի այդ օրը․ ԽՍՀՄ առաջին ուսանողական նստացույցը

Մի ամառային տաք օր էր՝ հունիսի տասնհինգը։

Հունիսի 15-ը, բացի տարվա 166-րդ օրը լինելուց, իսկ նահանջ տարիներին՝ 167-րդ օրը, նշանավոր է նաև նրանով, որ 1988-ի այդ օրը՝ հունիսի 15-ին, ավարտվեց մեր՝ ԽՍՀՄ տարածքում առաջին ուսանողական նստացույցը։

Իսկ տարին այդ նահանջ էր։

Սահմանադրության հանդեպ մեր վաղահաս հավատով, մայիսի քսանին սկսված նստացույցով պահանջում էինք բավարարել ԽՍՀՄ, ՀԽՍՀ սահմանադրությունների դրույթներով մեզ ընծայված իրավունքը և, ուրեմն, բավարարել ԼՂԻՄ բնակչության ինքնորոշման իրավունքը։

Ինքնորոշման իրավունքի ու տարածքային ամբողջականության անխախտելիության հակասությունը մեզ լուծելի թվաց այնպես, ինչպես ամեն ինչ այդ տարիքում։ Կարևորը՝ ծնվել էր մեծ ցանկություն, մեծ ոգևորություն, որոշ մասի մեջ՝ մեծ անձնազոհության պատրաստակամություն, և միասին լինելու ու միասին արգելված մի անանձնական կարևոր բան անելու անսահման ուրախություն։

Մեր նստացույցը ԽՍՀՄ առաջին ուսանողական նստացույցն էր։ Այնպես չէր, որ ահարկու կայսրությունը լրիվ փլուզված էր, և ուսանողական, թող թույլ տրվի ասել՝ աննախադեպ ակցիան անվտանգ էր բացարձակ։

Մայիսի քսանհինգին բանասիրական ֆակուլտետի 220-րդ լսարանում հավաքված ուսանողական ժողովի ավարտին հնչած որոշումը՝ Օպերայի աստիճանների վրա շուրջօրյա նստացույց սկսելու մասին, մի կատարյալ համարձակ, մի կատարյալ գլուխգործոց ու, վերջապես, անձամբ, այլ ոչ հազարավորների մեջ մոլորված, իրավունք պահանջելու հնարավորություն թվաց։

Եվ մինչ այդ երբևէ գիշերը տնից չբացակայած մենք (ես), մեզնից շատերը, միանգամից ու հանդուգն վստահությամբ, ուսանողական շարժման առաջնորդներին վստահեցրինք, որ մնալու ենք։

Նստացույցը սկսվելուց մեկ ժամ անց, բանասիրականի բուֆետը փակեց ու իր անփոփոխ սև թիթեռնիկը սպիտակ վերնաշապիկի օձիքին ամրացրած բուֆետապան Ֆելոն Օպերայի հրապարակ բերեց խաչապուրիներով արկղերը, ու ինքնորոշված հրահանգեց՝ կերե՛ք։

Քիչ հետո մեզ միացավ գրաբարի մեր փառահեղ դասախոսը՝ ծերունազարդ Վազգեն Գևորգյանը՝ ձեռնափայտով, ու մի այնպիսի հրավառված ժպիտով ու խոնարհումով մեր հանդեպ, որ այդքանն արդեն բավարար էր կայացած զգալու համար։

Մեզ հետ աստիճաններին նստում էին մեր որոշ դասախոսներ՝ Սվետա Գալստյանը, Սեյրան Գրիգորյանը և էլի մի քանիսը։ Իսկ նրանք, ովքեր նստած չէին, այլ գալիս էին հրապարակ սատարելու, ամառային ավարտական քննություններին մեր հանդեպ հայրական ու մայրական հանդուրժողականություն ցուցաբերեցին, թեև հանուն ազնվության պետք է ասել, որ մոտ տասը օր ինձ հետ նստացույցի մասնակցեց նաև Էդ․ Աղայանի «Լեզվաբանության ներածություն» կանաչ կազմով հաստափոր գիրքը, որի էջերը թրջվեցին անձրևի տակ ու դեղնեցին արևից, սուրճ թափվեց վրան, երբ ինչ-որ մեկը արմունկով կպավ թևիս։ Հինգ ստացա առանց ընդառաջելու, պատասխանատվության զգացում կար։

Մեր՝ նստացույցի մասնակիցներիս ինտելեկտը, մանավանդ՝ քաղաքագիտական, սահմանադրագիտական ոլորտի գիտելիքները, շատ տարբեր էին։ Բայց նույնիսկ այդ տարբերությամբ, նույնն էր մեր բոլորիս ոգևորությունը, և կարևորը՝ նույնն էր պապանձվել պահանջած ԽՍՀՄ-ում առաջին անգամ սեփական սահմանադրության դրույթների վրա հենվելու նախաձեռնության չափազանց հնարամիտ թվացող հրապույրը։

Ինչ կռիվ, ինչ պատերազմ, մենք՝ կրթված ու գիտակից ուսանողներս, պահանջում էինք ՀԽՍՀ ԳԽ-ից վավերացնել 1988-ի փետրվարի 20-ի ԼՂԻՄ-ի մարզխորհրդի խնդրագիրը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Հայաստանին վերամիավորելու մասին։ Ապա, ՀԽՍՀ ԳԽ-ն դիմել էր ԽՍՀՄ ԳԽ-ին, իր որոշումը հաստատելու համար։

Ու նամակի էինք սպասում։ Չէ՝ հեռագրի, որ այսպես և այսպես, ստացանք ձեր նամակը, հավաքվեցինք, մտածեցինք, որ ճիշտ եք ասում, և առաջնորդվելով ԽՍՀՄ սահմանադրության այսինչ կետով՝ Ղարաբաղը միանում է Հայաստանին։

Առաջին և երևի միակ ազդեցիկ նստացույցի գլխավոր հատկանիշն այն էր, որ այդ աստիճաններին նստած յուրաքանչյուր ուսանող իրեն առանձին ուժեղ միավոր էր զգում, անհատական որոշում ուներ ու անհատական, այլ ոչ հավաքական դիմացկունություն և դիմադրելու կամք։ Այդ անհատական ուժերի միավորումն էր, որով տարբերվեց մեր նստացույցը հետոյի միասնական ուժից, որտեղ անհատները տարբեր որակների ունկնդիր էին և տարալուծվում էին հենց անջատվում էր բարձրախոսը, և փոխակերպվեց պատերազմ գնացող կամավորականների։

Այդ նստացույցի ամեն ինչը իսկական էր․ համարձակությունը, որոշումը, կատարողական արվեստը, էսթետիզմը, գեղագիտական հատվածը, սերերը, հիմարությունը, նաիվությունը, և կյանքը առջևում լինելու ու այդ կյանքի անսահմանության հրաշալի զգացումը։

Մենք անտեղյակ էինք, որ այդ նստացույցից ընդամենը երեք տարի անց զոհվելու է ուսանողական նստացույցի առաջնորդներից մեկը, հետո մյուսները, տասնմեկ տարի անց նստացույցի առաջնորդներից մեկը դառնալու է ԱԺ-ում կատարված ահաբեկչական գործողության կազմակերպիչ, տասնչորս տարի անց մյուսը սպանվելու է հայրական տան մուտքում։

Իսկ մնացածս բազմաթիվ այլ և հատկապես այս հանճարեղ ներկայի վկան ենք դառնալու։

Այդ օրը՝ 1988-ի հունիսի 15-ին, երբ նստացույցն ավարտվեց ու չգիտեմ ում որոշմամբ եկանք համալսարանի կենտրոնական շենքի մոտ, ու բարձր կուրսերի տղաները ուրախ, աղմուկով նմանակում էին շարժման առաջնորդներին, ծիծաղում էինք, սրամտում էինք․․․ համալսարանի կենտրոնական մասնաշենքի աստիճաններին երևի այդ օրը մնաց մեր կեցության անտանելի թեթևությունը ու մի չըմբռնվող տխրություն նստացույցի վերջին օրվա առթիվ։

Մեկնաբանել