Լաչինի միջանցքի ամբողջական արգելափակումից հետո Արցախում անցել են խնայողության ռեժիմի

Լաչինի միջանցքի ամբողջական արգելափակումից հետո Արցախի պետական ամբողջ համակարգն անցել է խնայողության ռեժիմի։ Այդ մասին հունիսի 16-ին Ֆեյսբուքի իր էջում հայտարարեց Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Նկատի ունենալով, որ իրավիճակը կտրուկ փոփոխվել է, գործող մոտեցումներում արագորեն կատարել ենք որոշակի վերանայումներ։ Պետական կառավարման համակարգի ղեկավար կազմին խնդրում եմ վառելիքի և նմանատիպ այլ հարցերով դիմել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, դադարեցնել կամ նվազագույնի հասցնել ծառայողական մեքենաների օգտագործումը»,- ասաց նա։

Պետնախարարի խոսքով՝ տարածքային կառավարման մարմինները կապահովվեն անհրաժեշտ պարագաներով՝ բնակչությանը սննդի, հացի մատակարարման գործընթացը կազմակերպելու համար։ Հասարակական տրանսպորտը շարունակելու է գործել, ինչպես նաև կազմակերպվելու են միջշրջանային երթեր։

«Առավելագույն չափով փորձելու ենք աջակցել գյուղատնտեսական աշխատանքների իրականացման ընթացքին, որպեսզի պահպանենք դրանց անընդհատությունը։ Հատկապես վերջին շրջանում մենք համբերատար պատրաստվել ենք այսպիսի իրավիճակների, մեր գյուղացիական տնտեսություններն ունակ են որոշակիորեն մեղմելու ստեղծված խնդիրները և ապահովելու ինքնաբավության թեկուզ նվազ հնարավորություն, բայց բոլոր դեպքերում պետք է լինել կազմակերպված և զգոն»,- նշեց Գուրգեն Ներսիսյանը։

Հունիսի 15-ի առավոտյան Ադրբեջանի սահմանապահները Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում փորձը կանխվել է:

Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից։

Մեկնաբանել