S&P-ն իջեցրել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների աճի կանխատեսումը

Միջազգային վարկանշային Standard&Poor’s գործակալությունը դեպի իջեցում է վերանայել 2012թ. համար Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների տնտեսական աճի գնահատումը։ Որոշումը պայմանավորված է Չինաստանում տնտեսության աճի թույլ տեմպերով, եվրոգոտու պարտքային ճգնաժամով և ԱՄՆ-ի տնտեսության վերականգնման ընդհատումներով։

S&P-ի փորձագետ Էնդրյու Պալմերի խոսքով՝ կանխատեսումն իջեցվել է միջինը 0,5 տոկոսային կետով՝ Չինաստանի դեպքում մինչև 7,5%, Ճապոնիայում՝ մինչև 2%, Հարավային Կորեայում՝ մինչև 2,5%, Սինգապուրում՝ մինչև 2,1%, Թայվանում՝ մինչև 1,9%:

S&P-ի նոր կանխատեսման համաձայն՝ Հոնգ Կոնգի տնտեսությունն ընթացիկ տարում կաճի 1,8%-ով, Հնդկաստանինը՝ 5,5%-ով: Հատկանշական է, որ երկու գնահատականներն էլ նախորդ կանխատեսումը զիջում են 1 տոկոսային կետով:

«Չինաստանում տնտեսության աճի տեմպի դանդաղումն ազդում է արտահանման ուղղվածություն ունեցող ասիական տնտեսությունների՝ Ճապոնիայի, Հարավային Կորեայի և Թայվանի վրա: Չինաստանում, ինչպես նաև եվրոգոտու երկրներում և ԱՄՆ-ում աճի դանդաղումը հանգեցրել է հումքի գների անկման»,- նշել է Պալմերը:

S&P-ի փորձագետների կարծիքով՝ եվրոգոտում իրադրության ցանկացած վատթարացում կմեծացնի ռիսկերը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների համար, քանի որ նրանք ծայրաստիճան զգայուն են կապիտալի տեղաշարժի և արտաքին առևտրի ծավալների նկատմամբ:

Մեկնաբանել