Հայկ Ղազարյան, Ստեփանակերտ
2019-ին Արցախի կառավարությունը Վերին Հոռաթաղում 136 մլն դրամով առանձնատուն է գնել և ամրացրել այն քաղաքաշինության նախարարությանը։ Առանձնատունը պետք է վերանորոգվեր և դառնար մանկապարտեզ։ Շինությունը պատկանում էր արցախյան առաջին պատերազմի տարիներին Մարտակերտի շրջանի գումարտակի հրամանատար, այնուհետև ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի նախկին պետ Արկադյա Շիրինյանին (մականունը՝ Խալաստոյ): Առանձնատան գինն այդ չափով էր որոշվել, քանի որ գույքի սեփականատերերը շուկայական արժեքի գնահատման այդպիսի եզրակացություն էին ներկայացրել։
Արցախի դատախազությունը ստուգումներ սկսելուց հետո պարզել է, որ գույքի իրական շուկայան արժեքը 2019-ին եղել է ոչ թե 136 մլն, այլ ընդամենը 30,5 մլն դրամ: Պետությունը Շիրինյաններին է փոխանցել 120 մլն դրամը, դատախազության ստուգումներից հետո մնացած 16 մլն դրամի փոխանցումը կասեցվել է։
Ներկայում այս գործը արդեն գտնվում է դատական քննության փուլում։
Հնարավոր է, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը բարձրաստիճան պաշտոնյա է
Արցախի քաղաքաշինության նախարարությունը հրաժարվեց ՍիվիլՆեթին տրամադրել գույքի առքուվաճառքի պայմանագիրը։ Նախարարությունը հայտնեց, որ պայմանագիրը քրեական գործի շրջանակում գտնվում է գլխավոր դատախազությունում։ Հունվարին հարցմամբ դիմել էինք նաև Արցախի դատախազություն։ Պարզվեց, որ նախաքննությունը կատարում է ոչ թե Արցախի քննչական կոմիտեն, այլ Արցախի գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժինը։ Սա կարող է նշանակել, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը բարձրաստիճան պաշտոնատար անձ կամ ոստիկանության ծառայող է: Պատասխանից նաև տեղեկացանք, որ քրեական գործը հարուցվել է պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու ու իրացնելու հատկանիշներով։
Գույքի առքուվաճառքի պայմանագիրը կնքվել է Արցախի կառավարության 2019-ի օգոստոսի 27-ի ընդունած (N 693-Ա) որոշման հիման վրա։ Այդ որոշմամբ կառավարությունը քաղաքաշինության նախարարությանը թույլ էր տալիս 136 մլն դրամով գնել Վերին Հոռաթաղում գտնվող բնակելի տունը և որպես պետական սեփականություն ամրացնել քաղաքաշինության նախարարության աշխատակազմին։ Այն մոտ 554 քմ է, ներառում է նաև 0,7 հա հողամաս, 142,35 քմ տարածքով գոմ, 2,5 քմ տարածքով զուգարան և 16 քմ ծածկ։ Այս որոշումը ստորագրել է այն ժամանակվա պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը։
Նախկին պետնախարարին խնդրեցինք պարզաբանել գույքի առքուվաճառքի թեման։ Նա պատասխանեց, որ երկար ժամանակ է՝ մեկնաբանություն չի տալիս մամուլին։ Նրան հիշեցրինք, որ որոշման տակ իր ստորագրությունն է. «Հասկանում եմ, բայց արդեն երկար ժամանակ է՝ մամուլին մեկնաբանություն չեմ տալիս»,- կրկնեց նա։
Մարտիրոսյանին հարցինք նաև, թե արդյոք ինքը դատավարական կարգավիճակ ունի նշված գործով։
«Ես դրա համար եմ ասում։ Հաշվենք՝ ոչ մի մեկնաբանություն չեմ տալիս»,- պատասխանեց նախկին պետնախարարը։
Արցախի քաղաքաշինության նախկին նախարար Կարեն Շահրամանյանը, որի օրոք Շիրինյանների հետ գերատեսչությունը կնքել է առուվաճառքի պայմանագիրը, ասաց, որ որևէ դատավարական կարգավիճակ չունի նշյալ գործով․ «Ինձ մի անգամ կանչել են, ասել եմ, թե ոնց է եղել։ Էդ ա։ Ես որևէ կարգավիճակ չունեմ, չի էլ կարող լինել»։ Շահրամանյանը ներկայում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի աշխատակազմի ղեկավարն է։ Նա ասաց, որ ընկերական ու բարեկամական կապ չունի «Խալաստոյի»՝ Արկադյա Շիրինյանի հետ։
Արկադյա Շիրինյանը եղել է քաղաքաշինության նախարարության պաշտոնյա
Հնարավոր է, որ Արցախի քաղաքաշինության նախկին նախկին նախարարը բարեկամական կամ ընկերական կապ չունի Արկադյա Շիրինյանի հետ, սակայն Արկադյա Շիրինյանը անմիջական կապ ուներ Կարեն Շահրամանյանի ղեկավարած գերատեսչության հետ:
Շիրինյանը 2012-ից մինչև 2020-ի հուլիսի 1-ը զբաղեցրել է Արցախի քաղաքաշինության նախարարության ենթակայությամբ գործող «Վահե Կարապետյան ճանշահագործում» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի պաշտոնը։ Սա նշանակում է, որ Քաղաքաշինության նախարարությունն, ըստ էության, գույքը գնել է իր պաշտոնյաներից մեկից։
Արկադյա Շիրինյանը ՍիվիլՆեթին ավելի վաղ ասել էր, որ համաձայն չէ պետության պատվիրած փորձագիտական եզրակացության հետ. «էդ ասողը թող գնա իր տունն էլ գնահատի ու շենքն էլ՝ իրականում տենց ա թե չէ։ Եթե իրականում տենց ա, էն ժամանակ աչքեր չե՞ն ունեցել՝ տեսնեն: Կառավարության որոշում էլ կա, քաղաքաշինության պայմանագիր էլ կա, գնահատման ակտ էլ կա»։
Արկադյա Շիրինյանը չցանկացավ ծավալվել թեմայի շուրջ և ասաց, որ ճիշտ կլինի խոսել իր փաստաբան Ռոման Երիցյանի հետ։
Մոլորություն չի եղել, պայմանագրի սահմանված գինը համահունչ է գործարքի արժեքին․ Շիրինյանների փաստաբան
Արկադյա Շիրինյանի փաստաբան Ռոման Երիցյանը պատմեց, որ դատախազությունը բարձրացնում է գործարքը երկու հիմքով անվավեր ճանաչելու պահանջներ․ առաջին հիմքն այն է, որ գործարքը կնքվել է մոլորության ազդեցության տակ, իսկ երկրորդ հիմքն այն է, որ օրենքի խախտմամբ կնքված գործարք է, խախտվել է գնման ընթացակարգը։
«Գործարքի առարկայի շուրջ մոլորության մասին քաղաքացիական օրենսգրքի համաձայն կարելի է խոսել միայն այն դեպքում, երբ որ անձը՝ պայմանական գույք ձեռք բերողը, զրկվում է այդ գույքը ըստ նպատակային նշանակության օգտագործելու հնարավորությունից։ Կողմերիս համար անվիճելի փաստ է, որ գույքը ձեռք է բերվել Վերին Հոռաթաղ համայնքում մանկապարտեզ կառուցելու նպատակով։ Դատախազությունն ասում է, որ մենք իրականում ձեռք ենք բերել 136 մլն դրամ արժողությամբ գույք, բայց ձեռք ենք բերել 30,5 մլն դրամ արժողությամբ գույք։ Դատախազությունը, ըստ էության, պայմանագրի արժեք և պայմանագրի գին հասկացությունները նույնականացնում է, ինչը, ըստ իս, կոպտագույն սխալ է»,- ասում է Երիցյանը:
Փաստաբանը նաև ասաց, որ շինության գինը կողմերի համաձայնությամբ է որոշվել. այսինքն՝ կողմերը եկել են եզրակացության, որ գործարքի գինը 136 մլն է. «Կառավարությունը ինքն է որոշել, թե՛ գույքի արժեքը, թե՛ գույքը, որը պիտի ձեռք բերվի, և այլ մանրամասներ։ Հետևաբար գնումների ընթացակարգի վերաբերյալ դատախազության վկայակոչած նորմերը այս պարագայում կիրառելի չեն»։
Շիրինյանը հակընդդեմ հայցով պետությունից պահանջում է ոչ միայն մնացյալ 16 մլն-ը, այլև դրամական պարտավորությունը չկատարելու համար այդ գումարի նկատմամբ կուտակված տոկոսները։
«Ես, հնարավոր է, մի քիչ շեղվեմ գործարքի տարրերից, բայց իրականում իմ վստահորդներին պետությունը համոզել է այդ գույքը վաճառել իրենց։ Եվ երբ ինքը գնացել է այդ քայլին՝ գույքն ակնհայտ էժան գնով վաճառելով պետությանը, պետությունը իր դեմ հայցել է դատական պաշտպանություն՝ գործարքը ճանաչել անվավեր, ինքը ստիպված գնացել է հակաքայլերի»,- ասում է փաստաբան Երիցյանը։
Առանձնատունը, ըստ տեղեկությունների, գնահատել է «Ջեներալ գրուպը»
ՍիվիլՆեթի տեղեկություններով, առանձնատունը 136 մլն դրամով գնահատել է «Ջեներալ գրուպ» անշարժ գույքի գործակալությունը: Ստեփանակերտում գտնվող այդ գործակալության գրասենյակը փակ էր։ Ավելի ուշ ՍիվիլՆեթին հաջողվեց կապվել «Ջերենալ գրուպ»-ի աշխատակիցներից մեկի հետ։ Նա ասաց, թե շրջափակումից հետո չեն աշխատում՝ այլ հարցերի չպատասխանելով։
Առանձնատունը մանկապարտեզ դարձնելու համար պետք է լրացուցիչ 75 մլն դրամ
Մայիսին Արցախի քաղաքաշինության նախարարությունից հարցմամբ ստացանք պատասխան այն մասին, որ 136 մլն դրամով գնված առանձնատունը մանկապարտեզ դարձնելու համար լրացուցիչ ծախսեր են պահանջվում։ 40-տեղանոց մանկապարտեզի նախագծա-նախահաշվային փաստաթղթերի համաձայն՝ դրա վերակառուցումը կարժենա ավելի քան 75 մլն: Այսինքն՝ այդ շինությունը գնելու ու մանկապարտեզ դարձնելու համար ընդհանուր ծախսը պետության համար կկազմի առնվազն 211 մլն դրամ:
Վերին Հոռաթաղը այդպես էլ մնաց առանց մանկապարտեզի
Տարիներ շարունակ մակապարտեզի բացակայությունը Վերին Հոռաթաղի ամենասուր խնդիրներից մեկն է։ 2019-ին համայնքի ղեկավարն էր Սմբատ Առաքելյանը։ Նա ներկայացնում է, թե ինչպես է իրեն հայտնի դարձել Շիրինյանների տունը գնելու պատմությունը։
«2018 թե 2019-ին, տարեվերջյան հաշվետվության ժամանակ միշտ վարչապետը գալիս էր մեզ մոտ։ Մեր խնդիրն էլ այն էր, որ մանկապարտեզ չունենք: Ամեն տարի 13-15 երեխա էր ծնվում: Ամեն տարի ասում էին՝ հաջորդ տարի, հաջորդ տարի: Այդ ժամանակ վարչակազմի ղեկավարը եկավ գյուղ, դարձյալ այդ հարցը բարձրացրինք, նա էլ ասաց՝ այնպես կանեմ, որ այս տարի ծրագրի մեջ ներառենք: Հաշվետվությունները տալուց հետո վարչակազմի նիստի ժամանակ ասաց՝ ավագանու անդամներին հավաքի ու ժողովրդին տեղեկացրու, որ մանկապարտեզի հարցը լուծվել է: «Խալաստոյի» տունը ուզում են վերցնեն ու մանկապարտեզ սարքեն՝ կառավարության միջոցով: Տես՝ ավագանին ինչ է մտածում: Ասել եմ՝ մի մասը համաձայն էր, մի մասը համաձայն չէր: Բոլորն էլ ցանկանում էին, որ մանկապարտեզը դպրոցի տարածքում կառուցվի: Հետո ասել են, որ դպրոցի մոտ չի ստացվելու մանկապարտեզ սարքել: Մի օր էլ ասել են, որ գինը որոշվել է՝ մոտավորապես 80 հազար դոլար, 30-32 մլն դրամ»,- ասում է Վերին Հոռթաղի նախկին գյուղապետը։
Իսկ ինչո՞ւ են 30-32 մլն դրամ ասել, Առաքելյանը պատասխանում է. «Ինձ ասել են, որ 90 հազար դոլար արժողությամբ գործարք է»։
Հետաքրքիր է, որ նախկին գյուղապետի հնչեցրած թվերը ավելի մոտ են հետագայում դատախազության նշանակած փորձագիտական եզրակացության թվին՝ 30,5 մլն դրամ արժեքին։
ՍիվիլՆեթն նաև խոսեց Մարտակերտի շրջվարչակազմի նախկին ղեկավար Էդգար Հարությունյանի հետ։ Նա ասաց, որ շրջվարչակազմը որևէ առնչություն չի ունեցել այդ գործարքի հետ: Պարզապես ինքը երկրի ղեկավարության առջև բարձրացրել է Վերին Հոռաթաղի ամենաարդիական հարցերից մեկը, իսկ իշխանություններն էլ նման կերպով են որոշել հարցը լուծել։
Էգդար Հարությունյանին ասացինք, որ ըստ նախկին գյուղապետի՝ ինքն է գործարքի ու գործարքի գնի մասին տեղյակ պահել նրան: Հարությունյանը կրկնեց, որ վարչակազմը այդ գործառույթի հետ կապ չունի և գումարի վերաբերյալ չի կարող տեղեկություն ունենալ:Հարցին, թե ինչու նա չի ըմբոստացել նման գործարքի դեմ, Հարությունյանն ասաց, որ եթե տեղյակ լինեին, այս հարցը նման ձևով չէր լուծվի. «Որովհետև եթե մի իքս գումարը հավասարազոր է նոր շենք կառուցմանը, միանգամից նորը կկառուցեի, ոչ թե կգնեի: Ինչո՞ւ պիտի ուրիշի տունը գնեմ: Եթե այդ գործառույթը շրջվարչակազմի միջոցով իրականացվեր, ապա այն կկասեցվեր։ Կա դատախազություն և այլ իրավապահ մարմիններ, թող գնահատեն պետական շահի շրջանակում, և համապատասխան պատասխանատվության ենթարկեն համապատասխան անձանց»։
Արկադյա Շիրինյանը ներկայում բիզինես գործունեություն է ծավլում Հայաստանում։ Ըստ ՀՀ իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների՝ 2017-ից նա «Շիրինշին» ընկերության 98 տոկոսի բաժնետերն է։ 2021-ին Արկադյա Շիրինյանն իր բաժնեմասը փոխանցել է որդուն՝ Մխիթարին։ «Շիրինշին»-ը Սպանդարյանի բազալտի հանքավայրի շահագործողներից է, ընկերության տարածքը ավելի քան 10 հեկտար է։ Տարիներ առաջ ընկերության նախկին սեփականատերը Արկադյա Շիրինյանին մեղադրել էի իրենից ապօրինաբար «Շիրինշին»-ը խլելու մեջ։
Մխիթար Շիրինյանին է պատկանում Երևանում գրանցված մեկ այլ ընկերություն՝ «Ցիտրուս-Մ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է ցիտրուսային մրգերի ու բանանի ներկրմամբ դեպի Հայաստան։
Արկադյա Շիրինյանի մյուս որդուն՝ Սասուն Շիրինյանին է պատկանում «Սասուն-2004» ՍՊԸ-ն, որ գրանցված է Արցախում։ Ըստ բաց տվյալների՝ այս ընկերությանն է պատկանում Մարտակերտի Գետավան գյուղի փայտամշակման արտադրամասը։