Մանկավարժականի դասախոսների աշխատավարձը կբարձրացվի 40%-ով. Տիգրան Սարգսյան

Մինչ տարեվերջ Հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոսների աշխատավարձերը կրկին կբարձրացվեն 40 տոկոսով: Այսպիսի հանձնարարական է տվել վարչապետ, Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը սեպտեմբերի 24-ին` համալսարանի խորհրդի հերթական նիստի ընթացքում:

«Փաստ է, որ երիտասարդ գիտնականների խրախուսման առաջնային ձևերից մեկը ֆինանսականն է: Պարոն Միրզախանյան, ես Ձեզ անցած տարի հանձնարարեցի 40 տոկոսով բարձրացնել աշխատավարձերը, ինչը Դուք արեցիք: Սակայն կարծում եմ, որ այդ գումարի չափն էլ բավարար չէ: Հանձնարարում եմ Ձեզ մինչ այս տարվա ավարտը կրկին 40 տոկոսով բարձրացնել Ձեր դասախոսների աշխատավարձը: Մենք պետք է շարունակենք աշխատավարձերի բարձրացման գործընթացը, որպեսզի երիտասարդների մոտ ցանկություն առաջանա իրենց ապագան կապել հենց մանկավարժական համալսարանի հետ: Նրանք պետք է հասկանան, որ այստեղ որակի խիստ պահանջների հետ մեկտեղ առկա է նաև դրանց համադրելի վարձատրություն»,-ասել է Տիգրան Սարգսյանը` անդրադառնալով մանկավարժական համալսարանում երիտասարդ դասախոսների ներգրավման անհրաժեշտությանը:

Հանձնարարականի կապակցությամբ ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը նշել է, որ մինչ տարեվերջ համալսարանի շուրջ 900 պրոֆեսորա-դասախոսական կազմի ներկայացուցիչների աշխատավարձը կբարձրացվի ևս 40 տոկոսով:

Մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահը հանձնարարել է իրականացնել բարեփոխումների փուլային և ժամանակացուցային թիրախավորում և ժամանակ առ ժամանակ քննարկել դրանց կատարման ընթացքը:

«Մենք ցանկանում ենք, որպեսզի մանկավարժական համալսարանը, որը հաջողությամբ է իրականացնում իր բարեփոխումները, դառնա Հայաստանի առաջատար բուհերից մեկը: Երկրում այսօր իրականացնում ենք բուհական կրթության բարելավման բարեփոխումներ և հասկանալի է, որ առաջին հատվածում պետք է լինեն ուսուցիչները»,- նկատել է վարչապետը:

Տիգրան Սարգսյանի խոսքով՝ այսօր մանկավարժական համալսարանը հնարավորություն ունի համագործակցել միջազգային կազմակերպությունների հետ, ստանալ տեխնիկական օժանդակություն, ուստի պետք է օգտագործի իր միջոցները՝ բարձր չափանիշների որակավորում ունեցող շրջանավարտներ պատրաստելու համար:

Ուսանողական հանրակացարանների կառուցման վերաբերյալ հարցին ի պատասխան Տիգրան Սարգսյանը նշել է, որ ՀՀ կառավարության ծրագրում, որն արժանացել է Ազգային ժողովի հավանությանը, այս դրույթը ներառված է: ՀՀ կրթության և գիտության նախարարությունն այժմ աշխատում է հստակ ծրագիր մշակելու ուղղությամբ:

Անդրադառնալով ուսանողներից մեկի այն դիտարկմանը, թե ներկայում շրջանավարտը չի կարողանում գտնել աշխատանք, քանի որ գործատուն պահանջում է աշխատանքային փորձ՝ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ կառավարության ղեկավարի հանձնարարականով այժմ իրենք աշխատում են օրենսդրական փաթեթի վրա, որը կկարգավորի խնդիրը:

Մեկնաբանել