Հարվարդը փրկությունն անտառների մեջ է տեսել

ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանը ներդրումների արդյունավետ ռազմավարություն է փնտրում ֆինանսական ճգնաժամի պատճառած վնասները փոխհատուցելու համար: Աշխարհի ամենահարուստ բուհի համալսարանական հիմնադրամի (կառավարում է $32 մլրդ) ղեկավար Ջեյն Մենդիլոյի կարծիքով՝ ամենաշահութաբեր ուղղություններից է անտառտնտեսությունը։

Այս տարի ապրիլին Մենդիլոն ստուգայցով մեկնել է Բրազիլիա՝ Հարավարդին պատկանող անտառային պլանտանցիաներ: Ուշագրավ է, որ հիմնադրամի պորտֆելի 10%-ը կազմում են անտառները, ֆերմերային հողատարածությունները և բնական այլ պաշարներ, որոնք գնահատվում են ավելի քան $3 մլրդ: Մենդիլոն մտադիր է մեծացնել պորտֆելի «բնական» մասնաբաժինը:

Բացի այդ՝ Մենդիլոն մտադիր է գնել տնտեսական նշանակության անտառներ՝ ապահովելու աշխարհի ամենահարուստ համալսարանի առաջատար դիրքը նաև ըստ շահութաբերության: Նման ռազմավարությունն ապացուցել է իր կենսունակությունը ԱՄՆ-ում կատարված ներդրումների դեպքում, և Մենդիլոն որոշել է այն կիրառել գլոբալ մասշտաբով: Հիմնադրամի պորտֆելում աստիճանաբար կրճատվելու է ֆինանսական ածանցյալներում ներդրումների մասնաբաժինը։

Ներկայում Հարվարդին հաջողվել է փոխհատուցել 2008թ. ճգնաժամային տարվա $10 մլրդ վնասի կեսը: Ուշագրավ է, որ Սթենֆորդը, Կոլումբիան, Փրինսթոնը նախորդ տարիներին ավելի մեծ շահույթ են ապահովել։ Այսպես՝ 2010թ. Հարվարդի համալսարանական հիմնադրամի միջոցներն աճել են 11%-ով, 2011թ.՝ 21,4%-ով: Կոլումբիայինը՝ համապատասխանաբար 17%-ով և 24%-ով:

Ամերիկյան Wilshire Associates ընկերության զեկույցի համաձայն՝ վերջին 12 ամսում ինստիտուցիոնալ ներդրողների շրջանում ամենացածր աճն արձանագրել են հենց համալսարանական հիմնադրամները, միջինը՝ 0,37%: Հարվարդն աճի իր տվյալները կհրապարակի մի քանի շաբաթ հետո: Փրինսթոնի համալսարանը հայտարարել է 0-5% աճի մասին: Մեկ տարի առաջ ցուցանիշը 22% էր:

Մեկնաբանել