Հռոմում հայ-իտալական գործարար համաժողով կանցկացվի

Սեպտեմբերի 25-ին էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը քառօրյա աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի, այնուհետև Իտալիայի Հանրապետություն` մասնակցելու սեպտեմբերի 25-26-ը Վիեննայում կայանալիք Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների նախարարական համաժողովին, իսկ սեպտեմբերի 26-28-ը` Հռոմում հայ-իտալական գործարար համաժողովին, հաղորդում են էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից:

Վիեննայի համաժողովի ընթացքում կքննարկվեն առևտրի, ներդրումների, ֆինանսների, զբոսաշրջության և էներգետիկայի ոլորտներին առնչվող հարցերը, ինչպես նաև եվրոպական երկրների հետ տնտեսական համագործակցության նոր հնարավորությունները:

Այցի շրջանակում սեպտեմբերի 26-ին նախարարը կհանդիպի Եվրոպական հանձնաժողովի Առևտրի գլխավոր տնօրենի տեղակալ Փիթեր Բալասի, Ավստրիայի էկոնոմիկայի դաշնային նախարար Ռեյնոլդ Միթերլեհների և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Ռիչարդ Բուշերի հետ:

Սեպտեմբերի 26-28-ը ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը կմեկնի Հռոմ` մասնակցելու հայ-իտալական գործարար համաժողովին:

Սեպտեմբերի 27-ին Տիգրան Դավթյանը կհանդիպի Իտալիայի տնտեսական զարգացման նախարար Կորադո Պասերայի, Իտալիայի տուրիզմի ու սպորտի նախարար Պիերո Գնուդիի և Իտալիայի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Սանտո Սանտորոյի հետ:

Սեպտեմբերի 28-ին  Հռոմում կկայանա գործարար համաժողով մոտ 200 իտալացի գործարարների մասնակցությամբ, որտեղ կներկայացվի Հայաստանի ներդրումային հնարավորությունները և գործարար միջավայրը:

Համաժողովը կազմակերպվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Հայկական զարգացման գործակալության, Իտալիայի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության և Իտալիայի առևտրաարդյունաբերական պալատի համատեղ ջանքերով: