Գոյություն ունի «Մոնա Լիզայի» երկրորդ տարբերակը

Փորձագետների խմբին հաջողվել է ապացուցել, որ գոյություն ունի Լեոնարդո դա Վինչիի հանրահայտ «Մոնա Լիզա» կտավի երկրորդ տարբերակը, գրել է բրիտանական Daily Mail թերթը:

«Մոնա Լիզայի հիմնադրամը» մտադիր է կտավի իսկության վերաբերյալ իր ապացույցները հրապարակել սեպտեմբերի 27-ին: Ըստ բրիտանական պարբերականի՝ դարակազմիկ այս հայտնագործության մասին հայտարարող խմբի անդամներից է ռուսաստանցի հայտնի շախմատիստ, աշխարհի նախկին չեմպիոն Անատոլի Կարպովը: Հենց նա է Ժնևում հանրությանը ներկայացնելու կտավը: Խմբի մեջ են մտնում նաև Լեոնարդոյի թանգարանի տնօրեն Ալեսանդրո Վեցոզին և Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանին առընթեր՝ Լեոնարդո դա Վինչիի գործունեության ուսումնասիրության կենտրոնի պատմաբան Կառլո Պեդրետին:

«Մոնա Լիզայի հիմնադրամը» կներկայացնի պատմական, համեմատական և գիտական ապացույցներ առ այն, որ «Այզելուորտյան Մոնա Լիզա» հայտնի կտավը պատկանում է Լեոնարդոյի վրձնին: Փորձագետների վարկածի համաձայն՝ այս աշխատանքը հանրահայտ «Մոնա Լիզայի» առաջին տարբերակն է:

Ըստ Վերածննդի դարաշրջանի արվեստի պատմաբան Ջորջո Վազարիի՝ Լեոնարդոն 1503թ. սկսել է վրձնել խորհրդավոր ժպտացող կնոջ դիմանկարը և անավարտ է թողել: Միայն 1519թ. է Լեոնարդոն ավարտել աշխատանքը:

Հայտնի ստեղծագործության երկու տարբերակի գոյության կողմնակիցները պնդում են, որ 1503թ. վրձնած «Այզելուորտյան Մոնա Լիզան» նկարի առաջին տարբերակն է, իսկ Լուվրում գտնվող «Մոնա Լիզան»՝ 1519թ. վրձնած երկրորդ տարբերակը:

Արվեստի պատմաբանները զգուշավորությամբ են վերաբերվում նոր վարկածին:

«Ես բավական թերահավատորեն եմ տրամադրված, – ասել է բրիտանացի հայտնի քննադատ Ֆիլիպ Մաուլդը: Եթե պարզվի, որ դա ճիշտ է՝ մեծագույն հայտնագործություն կլինի: Պետք է հիշել, որ տարեցտարի նոր «Մոնա Լիզա»-ներ են հայտնաբերվում: Անհրաժեշտ է մանրակրկիտ ուսումնասիրել կտավի ծագումն ու պատմությունը»: Միևնույն ժամանակ Մաուլդն ասել է, որ Լեոնարդոն երբեմն ստեղծում էր մեկ կտավի երկու սյուժե: Այսպես, օրինակ, գոյություն ունի «Մադոննան ժայռերում» նկարի երկու տարբերակ:

Մեկնաբանել