Ադրբեջանը նորից կրակել է Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ, հայտնում է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
«Հունիսի 20-ին՝ ժամը 16:30-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նա։
Այսօր ավելի վաղ Երասխում կառուցվող երկաթի ձուլման գործարանի տարածքում «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության հիմնադիրները բարձրացրել էին Հայաստանի և ԱՄՆ դրոշները։
Հունիսի 14-ին Ադրբեջանը կրկին կրակել էր Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել էր գործարանի կառուցման շինարարական աշխատանքներում ներգրավված Հնդկաստանի երկու քաղաքացի: Հակառակորդը գործարանի ուղղությամբ կրակել էր նաև հունիսի 16-ին և 19-ին։