Օգտատերերի անձնական տեղեկությունները սոցցանցում չեն հրապարակվել

Facebook-ը հայտարարել է, որ հանրամատչելի խրոնիկաներում օգտատերերի անձնական հաղորդագրությունների հրապարակման մասին լուրը սուտ է:

Ավելի վաղ որոշ օգտատերեր հայտարարել էին, որ 2007-2009թթ. ուղարկված իրենց հաղորդագրությունները անսպասելիորեն հանրամատչելի են դարձել:

«Այդ հաղորդագրությունները պատի վրա արված հին գրառումներ էին, որոնք միշտ երևում էին օգտատերերի պրոֆիլներում», – BBC-ին հայտնել է Facebook-ի ներկայացուցիչը և հավելել, որ ընկերությունը ստուգել և համոզվել է, որ օգտատերերի անձնական կյանքի իրավունքի խախտում չի եղել: Ընկերության ինժեներներն իրենց հերթին վստահեցրել են, որ օգտատերերի անձնական և բաց տվյալների միախառնումը «տեխնիկապես անհնար է». դրա համար որևէ մեխանիզմ չի ստեղծվել: Նմանատիպ լուրեր, աղբյուրի համաձայն, շրջանառվել են նաև 2011-ին և լայնածավալ հետազոտությունից հետո հերքվել: Չնայած Facebook-ի հերքմանը՝ բազմաթիվ օգտատերեր շարունակում են պնդել, որ իրենց խրոնիկաներում հայտնվում են տվյալներ, որոնք ի սկզբանե անձնական էին:

Մինչդեռ Facebook-ի բաժնետոմսերի գներն սկսել են ընկնել այն բանից հետո, երբ Barron’s ամերիկյան ֆինանսական ամսագիրը գրել է, որ մեկ բաժնետոմսի իրական գինը հայտարարվող 38 դոլարից շատ ավելի ցածր է՝ ընդամենը 15 դոլար: