ԱՄՀ-ն մտադիր է իջեցնել գլոբալ աճի կանխատեսումը

Համաշխարհային տնտեսության վրա ամենից մեծ ազդեցություն ունեցող գործոնը ներդրողների անվստահությունն է տնտեսության վերականգնման շուրջ քաղաքական գործիչների խոստումներին։ Այսպիսի հայտարարություն է արել Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչ-տնօրեն Քրիստին Լագարդը՝ Վաշինգտոնի Պետերսոնի միջազգային տնտեսագիտության ինստիտուտում տեղի ունեցած համաժողովի ընթացքում: Լագարդին հիասթափեցրել են նաև Մերձավոր Արևելքում ժողովրդավարության հաստատման փորձերը։

«Մենք առաջիկայում էլ ենք աստիճանական վերականգնում կանխատեսում, սակայն այն, ամենայն հավանականությամբ, ավելի թույլ կլինի, քան ակնկալվում էր հուլիսին»,- ասել է Լագարդը: Ըստ նրա՝ եվրոպացի քաղաքական գործիչների հայտարարությունների շնորհիվ շուկաները իրադրության բարելավման որոշակի ազդակներ են ստացել, և ներկայում ներդրողները Եվրամիության առաջնորդներից առավել իրական և հավասարակշռված գործողություններ են սպասում։

Լագարդը նշել է, որ եվրոգոտու պարտքային ճգնաժամի շուրջ անորոշությունը գլոբալ աճի վերականգնմանը խոչընդոտող հանգուցային խնդիրներից է: Ըստ Լագարդի՝ լրացուցիչ ռիսկեր է պարունակում նաև ԱՄՆ-ում հարկադրույքների բարձրացումը և ծախսերի կրճատումը՝ պայմանավորված «հարկաբյուջետային ճեղքվածքով»:

ԱՄՀ-ի ղեկավարը խոսել է զարգացող երկրներում աճի դանդաղման, ինչպես նաև աղքատ երկրներում պարենամթերքի գների բարձրացման մասին։ Լագարդին հիասթափեցրել են Մերձավոր Արևելքում ժողովրդավարության հաստատման փորձերը։

Եվրոպայում միասնական բանկային համակարգ ստեղծելու գաղափարը ԱՄՀ ղեկավարը ողջունել է, նշելով, որ այս նախաձեռնությունը պետք է հնարավորինս արագ կյանքի կոչել՝ պետությունների և բանկերի միջև արատավոր շրջանը վերացնելու համար:

Նշենք, որ հուլիսին ԱՄՀ-ն գլոբալ տնտեսության 2013թ. աճի կանխատեսումն իջեցրել էր մինչև 3,9%, 2012թ. համար գնահատումը թողնելով անփոփոխ՝ 3,5%: