Ինտերնետն ամենաազատը Էստոնիայում է, անազատը՝ Իրանում․ Freedom House

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր «Ազատությունը ցանցում 2012» (Freedom on the Net 2012) ամենամյա զեկույցը։ Հետազոտությունն ընդգրկում է 47 պետություն (Հայաստանն այս ցանկում չկա), որոնք բաժանված են երեք խմբի՝ ազատ, մասամբ ազատ և անազատ։ Այս կամ այն խմբին պատկանելությունը որոշվում է իշխանությունների՝ ինտերնետում տեղեկատվության հոսքը կառավարելու ակտիվությամբ, հաղորդում է BBC-ն:

Մասնավորապես՝ խոսքը տեղեկատվության արգելափակման և զտման, որոշակի կոնտենտի հայտնությունը սահմանափակող օրենքների ընդունման, ինչպես նաև օգտագործողների ու հայտնի բլոգերների վրա ճնշում գործադրելու մասին է։

Ամենաազատ երկիր, որում իշխանությունը փաստացի չի միջամտում ինտերնետում կատարվողին, զեկույցի հեղինակները ճանաչել են Էստոնիան, ամենաանազատ՝ Իրանը։ Մասամբ ազատ երկրների խմբում են Ռուսաստանը, Ղազախստանը, Հնդկաստանը, Ադրբեջանը և այլն։

Ազատ երկրների խմբում են նաև Ուկրաինան, Իտալիան, Գերմանիան, ԱՄՆ-ը, Ավստրալիան, Հունգարիան, Ֆիլիպինները, Մեծ Բրիտանիան, Արգենտինան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը և այլն։ Ամենաանազատ երկրների խմբում են Ուզբեկստանը, Սիրիան, Չինաստանը, Կուբան, Սաուդյան Արաբիան և այլն։

Անցյալ տարվա համեմատ ազատության մակարդակի առավել մեծ աճ է նկատվել Թունիսում, Վրաստանում և Մյանմարում։ Freedom House-ի փորձագետները բացասական միտում են նկատում Բահրեյնում, Պակիստանում, Եթովպիայում և Եգիպտոսում։

Ռուսաստանը նաև այն պետությունների խմբում է, որոնք ներկայում հատկապես զգայուն են իրադրության վատթարացման նկատմամբ․ այս խմբում են նաև Լիբիան, Մալայզիան, Պակիստանը, Ռուանդան և Շրի Լանկան։