Ամուսնու պարբերական ծեծից հետո Լուսիկը թույն խմեց և մահացավ հիվանդանոցում

Գևորգ Թոսունյան

Արմավիրի Շենավան գյուղում «կինը երկաթե պոմպով հարվածել է ամուսնու գլխին, որից ստացած վնասվածքից նա մահացել է»։ Այս գլխագրի ու ողբերգական դեպքի հետևում մի այլ իրողություն էլ է թաքնված. «Դեպքի վայրում հավաքվածները խոսում էին, որ տղամարդը հաճախ է բռնության ենթարկել կնոջը»։

Ընտանեկան բռնության դեպքերը Հայաստանում հաճախ գալիս են պատրիարխալ լայնատարած մտածելակերպից։ Իսկ այդ մտածելակերպը, հատկապես՝ գյուղական բնակավայրերում, հանգեցնում է կանանց ծեծի ու դրանց ուշ արձագանքմանը կամ ընդհանրապես՝ անտեսմանը։

Անպատժելիությունն ու անտարբերությունը ընտանեկան բռնության դեպքերում մշտապես հանգեցնում են ողբերգական ավարտի։ Այս տեսանյունից ամենացայտուն օրինակներից մեկը Տիգրան Կավկազի Նիկոլյանի դատավճիռն է։

2018-ին մայիսի 19-ին Վայոց ձորի Աղավնաձոր գյուղի իր տանը թույն է խմում ու հիվանդանոցում մահանում Լուսիկ Մնացականյանը։ 2017-ի օգոստոսից, երբ մահանում է նրա ամուսնու՝ Տիգրան Նիկոլյանի մայրը, ամուսինը սկսում է պարբերաբար ծեծել կնոջը։ Այդ մասին իմանում են հարևանները, Լուսիկի գործընկերները, ոստիկաններն ու ընտանիքի անդամները։ Տիգրան Նիկոլյանը չէր աշխատում ու մշապես գումար էր վերցնում կնոջից, իսկ երբ նրա մոտ գումար չէր լինում, ծեծում էր։

Վերջին ծեծի օրը, ըստ Լուսիկի որդու ցուցմունքի, հայրը մորը նաև սպառնացել է, որ «քեզ կմորթեմ, Լամարի ճամփով կգնաս»։ Լամարը նրանց հարևաններից է եղել, որին սպանել էր ամուսինը` այդ դեպքից ութ տարի առաջ։ Լուսիկ Մնացականյանը ոստիկանություն էլ էր դիմել, բայց ոստիկանները նոր բռնությունները կանխելու ուղղությամբ ոչինչ չէին արել, միայն կանչել էին երկարուձիգ հարցաքննությունների։

Տիգրան Նիկոլյանը դատարանի վճռով մեղավոր է ճանաչվել կնոջը ինքնասպանություն հասցնելու համար, նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում չորս տարի ժամկետով, բայց նա ազատ է արձակվել համաներման ակտի հիման վրա։

Մի չպատժված սպանությունն այս գյուղում հանգեցրել է երկրորդին։

2021-ին ամուսնու կողմից կնոջ (նաև՝ նախկին կնոջ) նկատմամբ ընտանեկան բռնության, այդ թվում՝ մահվան ելքով բռնության վերաբերյալ 328 գործ է քննվել, իսկ 2022-ին՝ 231։ Նույն տարիներին կնոջ կողմից ամուսնու նկատմամբ ընտանեկան բռնության 10 (2021-ին) ու չորս (2022-ին) գործ է քննվել։

Ըստ Հայաստանի դատախազության պաշտոնական տվյալների՝ 2022-ին ընտանեկան բռնության դեպքերի ճնշող մեծամասնությունը՝ 70%-ը, ծեծ է, 11%-ը՝ ծանր վիրավորանք, 6%-ը՝ առողջությանը թեթև վնաս, 6%-ը հոգեկան ներգործություն և միայն 1%-ը՝ սպանություն։ 2021-ի իրավիճակը մի փոքր տարբերությամբ նույնն է։

2017-ին Հայաստանում մեծ աղմուկով ընդունվեց Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքը, որը նոր լիազորություններ է վերապահում ոստիկանությանը։ Աղմուկը պայմանավորված էր, մասնավորապես, խորհրդարանի մի շարք պատգամավորների ու ազգայնական խմբերի գործողություններով։

2017-ին Հայաստանի իշխող կուսակցությունը՝ Հանրապետականն էր, որն էլ ԱԺ-ին ներկայացրել էր օրենքը, ընդ որում՝ ըստ մամուլի հրապարակումների՝ ոչ թե սեփական ցանկությամբ, այլ Եվրոպական միության պահանջով։

Մինչ այդ էլ օրենքի հանրային լսումներին հայտնվում էին ծայրահեղ ուժեր ու փորձում դրանք կասեցնել, աղմուկ հանել։ Այդուհանդերձ, օրենքն ընդունվեց, ու դրա կարևոր կետերից էլ ոստիկաններին նոր լիազորություն տալու դրույթներն էին։

Մասնավորապես, երբ ոստիկանները առնչվում են ընտանեկան բռնության դեպքերի, կարող են կիրառել ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության երեք միջոցներից մեկը.

  • նախազգուշացում
  • անհետաձգելի միջամտության որոշում
  • պաշտպանական որոշում։

Այս գործիքի ներդրումից հետո ոստիկանությունը 2018-ին կիրառել է 431 նախազգուշացում, 131 անհետաձգելի միջամտության որոշում և պաշտպանական երկու որոշում։ Այս մասին տեղեկանում ենք ՍիվիլՆեթին ոստիկանության տրամադրած տվյալներից։ 2019-ին աճել են նախազգուշացումները (796) և անհետաձգելի միջամտության որոշումները (260)։ 2020-ին նորից աճ է գրանցվել՝ 831 նախազգուշացում ու 337 անհետաձգելի միջամտություն և մեկ պաշտպանական որոշում։ 2021-ին կիրառվել է 405 նախազգուշացում, 391 անհետաձգելի միջամտության ու չորս պաշտպանական որոշում։

Քննչական կոմիտեի տվյալներն էլ այլ խնդրի մասին են վկայում՝ 2016-2021-ին քննված քրեական գործերի համաձայն՝ դատարան է գնում ընդհանուր գործերի ընդամենը 19%-ը։ Այսպես՝ քննված 2802 քրեական գործից միայն 533-ն է մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան։

Ինչպես քննչական մարմիններում, այնպես էլ դատարաններում իրավապահներն ու դատավորները, որպես կանոն, փորձում են ոչ թե մեղավորին պատժել ու պատասխանատվության կանչել, այլ հաշտեցնել կողմերին։

Տե՛ս նաև՝

Մեկնաբանել